Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստում աչքի ընկած Գոռ Վարդանյանը բավական «խոսուն» անցյալ ունի: Հիշեցնենք, որ ավագանու նիստում քաղաքապետի խորհրդական Վարդանյանը «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կարատեի հնարքներ կիրառեց. այնպես նրան հանեց նիստի սրահից, որ քիչ մնաց ավագանու կին անդամը հայտնվեր գետնին: Պարզվում է` Գոռ Վարդանյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին:
Լինելով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի մերձավորներից մեկը` Գոռ Վարդանյանը պատժիչ ջոկատներ է կազմավորել, որոնց հետո «քսի են տվել» ցուցարարների վրա: Նրա պատժիչ ջոկատները տեղակայվել են Պուշկինի անվան դպրոցի մարզադահլիճում, ավելին` ըստ շրջանառվող լուրերի` նրանց մոտ նաև զենք-զինամթերք է եղել: Ավելի ուշ այդ զինամթերքը հայտնաբերվել էր, և Գոռ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել մեծ քանակի զինամթերք` փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ու էլեկտրադետոնատորներ պահելու համար: Սակայն հետաքննության, ուսումնասիրություններից հետո, երբ թվում էր, թե փաստերն ակնհայտ են, Գոռ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը կարճվեց պատճառաբանությամբ, թե այդ ամենը ֆիլմ նկարելու համար էր նա բերել դպրոցի մարզադահլիճ: Գոռ Վարդանյանի կողմից նման վարքագիծն, իհարկե, զարմանալի չէ:
Շատերը կհիշեն` ոչ վաղ անցյալում նրա անունը կապվում էր քրեական հեղինակությունների հետ: Մասնավորապես հայտնի քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանության դեպքից հետո շրջանառվեց Վարդանյանի անունը: Պարզվեց` սպանություն կատարողը Գոռի սպորտ-դպրոցի անդամներից է: Եվ այժմ` մոտ մեկ տարի անց, Երևանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Գոռը չի դադարում աչքի ընկնել իր «փայլուն» արարքներով:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերից հետո շատ ծնողներ շտապել են որպես բողոքի նշան իրենց երեխաներին հանել Վարդանյանի ղեկավարած Արևելյան մարտարվեստների դպրոցից: