Հայաստանում դեղ գնելու համար զբոսաշրջիկը պիտի գնա պոլիկլինիկա
Advertisement 1000 x 90

Հայաստանում դեղ գնելու համար զբոսաշրջիկը պիտի գնա պոլիկլինիկա

ՀՀ կառավարությունն այսօրվանից խստացրել է Հայաստանում դեղերի վաճառքը։ Դեղատուն գնալուց առաջ այսուհետ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև օտարերկրացիները ստիպված են գնալ պոլիկլինիկա և դեղ գնել միայն բժշկի տված դեղատոմսով։

Այսօրվանից հակաբիոտիկներ, հորմոն, հոգեմետ նյութեր և թմրանյութ պարունակող դեղերը հայաստանյան դեղատներից կարելի է ձեռք բերել միայն բժշկի տված դեղատոմսով։ Ընդ որում, այս կարգը տարածվում է ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև օտարերկրացիների վրա։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։

Նա նշեց, որ Հայաստանում նշված դեղամիջոցներից մեկը գնելու համար արտասահմանցիները ևս ստիպված կլինեն դիմել որևէ բուժհաստատություն` հիվանդանոց կամ պոլիկլինիկա, հետազոտություն անցնել և միայն դրանից հետո բժշկի գրած դեղատոմսով գնալ դեղատուն` դեղ գնելու։ Ի դեպ, նշենք, որ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, օտարերկրացիների համար պոլիկլինիկական ծառայությունը վճարովի է։

Այդուհանդերձ, նախարար Ալթունյանը կարծում է, որ այս կարգը «մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին, որտեղ արդեն տասնյակ տարիներ ուժեղ ազդող դեղամիջոցների վաճառքը կարգավորվում է համապատասխան օրենքներով»։

Ինչ վերաբերում է կառավարության այս որոշման հետևանքներին, Ալթունյանը նշեց, որ դեղերը չեն թանկանա, իսկ քաղաքացիները նույնիսկ գումար կտնտեսեն։

«Մենք նախատեսում ենք շուրջ 15% տնտեսում տնային տնտեսությունների համար` ի հաշիվ այն դեղերի, որոնք ձեռք են բերվում առանց համապատասխան կարիքի, առանց պահանջված լինելու, և դրանց ժամկետն անցնում է տնային դարակներում»,- ասաց Ալթունյանը։

Նշենք, որ «Դեղերի վաճառքի մասին» օրենքը մշակվել է 2015, ընդունվել` 2016թ-ին, ուժի մեջ է մտել 2018թ-ի մարտի 1-ից։

Ընդ որում, սա դեռ վերջը չէ։ Մարտի 1-ից օրենքը տարածվելու է միայն հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի վրա։ Հուլիսի 1-ից դեղատոմսով վաճառվող դեղերի ցանկում կներառվեն նաև բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, իսկ հոկտեմբերի 1-ից` բոլոր այն դեղամիջոցները, որոնք նախատեսված են դեղատոմսով վաճառքի։

Նշենք, որ Հայաստանում գրանցված 4700 անուն դեղերից դեղատոմսով բաց թողման ենթակա է 2700-ը։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, կոնկրետ դեղամիջոցի վաճառքի կարգը որոշում է ոչ թե տվյալ երկրի կառավարությունը, այլ արտադրողը` դեղի ներդիրում նշելով` «բաց է թողնվում դեղատոմսով»։

armeniasputnik.am