Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել ու կադրերի ռեզերվ ուղարկել Արթիկի երիտասարդ ոստիկանապետին. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել ու կադրերի ռեզերվ ուղարկել Արթիկի երիտասարդ ոստիկանապետին. hraparak.am

Մի քանի օր է՝ Արթիկում քննարկվում է արդեն նախկին ոստիկանապետ, մայոր Խորեն Բարխոյանի աշխատանքից ազատման փաստը: Չնայած երիտասարդ տարիքին՝ Բարխոյանի աշխատանքից դժգոհողներ չկային, նշեց Արթիկի ոստիկանության բաժնի աշխատակիցը: Սակայն օրեր առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խորեն Բարխոյանն ու Արթիկի ոստիկանության անձնակազմը լուրից անակնկալի են եկել, քանի որ 2017 թվականի հունվարի 30-ին, երբ երիտասարդ մայորը նշանակվեց Արթիկի ոստիկանապետ, թվում էր՝ պաշտոնավարելու է երկար:

Հիշեցնենք, որ Խորեն Բարխոյանը Արթիկ ուղեգրվեց մայրաքաղաքից եւ փոխարինեց Տիգրան Պետրոսյանին, ում ոստիկանապետը պաշտոնազրկեց քաղաքական հայացքների համար: Տեղեկությունների համաձայն՝ 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում Տիգրան Պետրոսյանի եղբայրը՝ գյուղապետ Հունան Պետրոսյանը ՀՎԿ կուսակցության ցուցակով առաջադրվել էր պատգամավոր, իսկ եղբայրը սատարում էր նրան, ինչը դուր չէր եկել ՀՀ ոստիկանապետին:

Տիգրան Պետրոսյանը երկրորդ անգամ էր ազատվում Արթիկի ոստիկանապետի պաշտոնից: 2015թ.-ին նա ազատվել էր աշխատանքից և նշանակվել ոստիկանության Գյումրիի «Կումայրի» բաժնի պետ, սակայն ամիսներ անց վերադարձել էր Արթիկ: Ինչևէ, Տիգրան Պետրոսյանին փոխարինած եւ արդեն պաշտոնազուրկ դարձած Խորեն Բարխոյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի կարողանայինք այլ մանրամասներ ճշտել:

Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ երեկվանից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Արթիկի ոստիկանապետ է նշանակվել Ղարիբ Հովսեփյանը, ով մեր տեղեկություններով նույնպես մայրաքաղաքից է: Արթիկի ոստիկանության բաժնում պատրաստվում են ընդունել նոր ոստիկանապետին:

Նշենք, որ հունվարի 19-ի կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային անկանխատեսելի փոփոխություններ է անում ոստիկանությունում: Մի շարք ոստիկաններ արդեն ազատվել են պաշտոններից: ՀՀ ոստիկանապետի հրամանով փոփոխություններ են տեղի ունեցել նաև Արարատի և Արմավիրի բաժիններում: Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանը նշանակվել է Արարատի բաժնի պետի պաշտոնում, իսկ Արարատի բաժնի պետ Համլետ Ղամբարյանն՝ Արմավիրի:Վլադիմիր Գասպարյանի հայտարարության համաձայն՝ համակարգում կադրային լուրջ փոփոխություններ են լինելու, մասնավորապես՝ ասպարեզ են գալու երիտասարդ կադրերը: Այս առումով, թերևս հետաքրքիր է Արթիկի երիտասարդ ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը:

hraparak.am