Բացահայտվել է ՀՀ ՊՆ կենտրոնական դեղաբազայում իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով շուրջ 40 միլիոն դրամի հափշտակություն կատարելու դեպք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալ, մայոր Լ. Ա.-ն և պաշտոնատար այլ անձիք շահադիտական նպատակով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ելքի ապրանքագրերում, հափշտակել են շուրջ 40.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
28.02.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։
Լ. Ա.-ն ձերբակալվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: