Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ու «շումախերական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Ռիգայի փողոցում՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 99 ՍՍ 299 համարանիշի և թիվ 49 երթուղին սպասարկող Газель մակնիշի 1536 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է՝ մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել գազախողովակը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԿԳՄ աշխատակիցները, Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ աշխատակիցները։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աշխատակիցները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում մի խումբ երիտասարդներ առանց որևէ պատճառի իրար հետ վիճաբանում էին, ու ամեն մեկն իրեն դնում էր «լավ տղու տեղ», սակայն, երբ Արաբկիրի բաժնի և ճանապարհային ոստիկանները մոտեցան նրանց, մի մասը դառան «վանդակից փախած պոչատ աղվես», մի մասն էլ՝ «Սասնա էպոսի բող նապաստակի նման» ճողոպրեցին։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից մեկն ազգությամբ չինացի է, և նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: