Արարատի մարզում երկու տղամարդկանց միջև վիճաբանության և դանակահարության գործով կայացվել է մեղադրական դատավճիռ. 59-ամյա Կամո Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դատապարտվելով 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկու տղամարդկանց միջև վիճաբանության և դանակահարության պատճառը հանդիսացել էր այն, որ տղամարդկանցից մեկը մյուսի դստեր նկատմամբ անտարբեր չի եղել և այդ մասին հայտնել է նրան:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, Կամո Պողոսյանը 2017 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Արարատի մարզի Արգավանդ համայնքում նույն համայնքի բնակիչ Արմեն Մարգարյանի կողմից իր աղջկա՝ Ա.Պ.-ի նկատմամբ անտարբեր չլինելու և հեռախոսով իրեն հայտնած «աղջիկդ դառնալու է իմ կինը, իսկ թոռդ ինձ պապա է ասելու» արտահայտածի վերաբերյալ վիճաբանել է վերջինիս հետ:
Պողոսյանը դիտավորությամբ մեկ անգամ ապտակել է Արմեն Մարգարյանին, այնուհետև իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ առնվազն յոթ հարված էր հասցրել Մարգարյանի մարմնի տարբեր մասերին:
Տուժողը դանակի հարվածներ է ստացել միջկողային հատվածում, պարանոցի, կրծքավանդակի, նախաբազուկների շրջաններում:
Դատարանում գործը քննվել է արագացված ընթացակարգով, Պողոսյանը ընդունել է մեղադրանքը: Դատարանը Պողոսյանի պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է համարել այն, որ հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ:
Գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Պողոսյանի պաշտպանը միջնորդել է բեկանել իր պաշտպանյալի վերաբերյալ դատավճիռը պատժաչափի և պատժի տեսակի մասով և Պողոսյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նվազագույն չափով, այն է` 3 տարի ժամկետով և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել: