ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում հանրությանն արդեն հասանելի է դարձել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ, ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու և տրամադրելու պարզեցված ընթացակարգը:
Այս համակարգը քաղաքացուն հնարավորություն է ընձեռում ինչպես ընտանիքում ծնված առաջին և երկրորդ, այժմ նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի դիմումները, մահվան պետական գրանցման ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումը ներկայացնել առցանց եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցելիս:
Նշված առցանց ծառայությունները հասանելի են նաև http://www.epension.am կայքի համապատասխան տիրույթում:
Epension.am կայք մուտք գործելով՝ քաղաքացին կարող է գրանցել նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու դիմում:
Առցանց դիմումների համակարգն ապահովելու է `
երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու (այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում), խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու և խնամքի նպաստ վճարելը վերսկսելու,ինչպես նաև թաղման նպաստ նշանակելու համար առցանց դիմում ներկայացնելը:
«Երկու ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը»,- ասաց Ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:
Հովհաննես Սահակյանի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումների առցանց լրացնելու թիվը գերազանցել է 27.500-ը: