ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու գործընթացի կարգի փոփոխության մասին որոշման նախագծին. գործընթացը Հայաստանում կանցկացվի փուլ առ փուլ, այլ ոչ թե միանգամից:
«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը և հակաբիոտիկ դեղերը դրվել են դեղատոմսերով վաճառքի մարտի 1-ից: Հաջորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով փոխնախարարին, ասաց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Տեղեկատվություն կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների առջև գրում, տալիս են և դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»:
Կառավարության ընդունած որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է մասնակի կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:
Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:
Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը: