Երևանի կենտրոնական փողոցներում այսօր օրվա երկրորդ կեսից խցանումներ են: Թե ինչի հետ է կապված մեքենաների կուտակումները փողոցներում, NEWS.am-ը փորձեց ճշտել ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից: Մեզ հետ զրույցում ՃՈ պետի տեղակալը նշեց՝ ի տարբերություն այլ օրերի, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում երթևեկությունն այսօր ինտենսիվ է, խցանումների պատճառ կարող է լինել նաև Մաշտոցի պողոտայի թունելի փակ լինելը:
«Քաղաքի կենտրոնական մասերում են խցանումները՝ կապված երթևեկող տրանսպորտային միջոցների քանակից, նաև Մարտի 8 է վաղը, այսօր աշխատանքային ժամը գուցե որոշ տեղերում մի քիչ շուտ է ավարտվել և ինտենսիվ է երթևեկությունն այս ժամին: Նաև ազդեցություն ունի Մաշտոցի պողոտայի թունելի փակ լինելը, որտեղ այժմ աշխատանքներ են կատարվում»,- ասաց նա:
ՃՈ պետի տեղակալի խոսքով, այս պահին աշխատանքներ են տարվում խցանումներն արագ վերացնելու ուղղությամբ: