Այսօր՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Գավառի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկմասյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, դին այրելու և աղբանոցում թաքցնելու մեջ։ Այս տարվա մարտի 4-ին սպանվածի կինը դիմել էր Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ամուսինը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց է ունեցել ժամը 15։00-ի սահմաններում և հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և քիչ հետո կհասնի տուն, սակայն այդպես էլ ամուսինը տուն չէր եկել, իսկ ավելի ուշ նրա ձեռքի հեռախոսահամարը դարձել է անհասանելի։
Հաջորդ օրը փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր. օր- 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), Ոստիկանության Գավառի բաժնի (բաժնի պետ Արա Քոչարյանի) և մարզի քննչական վարչության ծառայողների հետ ստացված պպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ սպանությունը կատարել է Մ. Մխիկյանը, ով իր զոհին իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքին պատկանող «Ազատ» կոչվող տարածքի աղբավայր և այնտեղ այրել ու թաղել։ Ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել, այդ թվում՝ որոնողական, գրեթե 20 կմ շառավղով փնտրել են սպանվածին և, իր վերջո, ճիշտ, օպերատիվ ու քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվում է. հայտնաբերվում է ճիվաղը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ հետո արդեն գտնում են զոհին։
Այս պահին դատավոր Յուրա Իսկոյանը սկսել է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, և եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, կասկածյալը տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության շարժառիթը եղել է 50 հազար դրամի պարտք ու պահանջը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նշված դեպքի վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեն մարտի 7-ին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «2018թ. մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ. Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի գնացել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել է անհասանելի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում մարտի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Հ. Հերգնյանը նստել է համաքաղաքացու ավտոմեքենան, որից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։ Պարզվել է համաքաղաքացու ինքնությունը, ստուգվել նրա այլուրեքությունը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: