Այսօր՝ մարտի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակակետի (Փարաքարի «գաի պոստ»-ի) մոտ, 30-ամյա Արմեն Գուլոյանը իր վարած BMW մակնիշի 34 UA 740 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Լիլի Ղուկասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցը հատել էր հետիոտնի համար չնախատեսված տեղով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները։ Ժամանել են նաև ԱԻՆ Փրկարար ծառայության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ ղեկավար, ՓԾ ավագ լեյտենանտ Սիրարփի Թադևոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: