SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանի որոշմամբ Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ հարուցվել է ոչ միայն ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, այլև 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննության ընթացքում քննչական բաժինը պարզել է, որ Մ. Մխիկյանը Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին սպանելուց հետո իրեն պատկանող ВАЗ 2121 մակնիշի 67 AV 700 համարանիշի ավտոմեքենայով դին տեղափոխել, այրել ու թաղել է, իսկ սպանելուց հետո գաղտնի հափշտակել է սպանվածի մոտ գտնվող 900 հազար դրամը, 300 ԱՄՆ դոլարը, որից 180 հազար դրամը թաքցրել է իր տանը, իսկ 864 հազար դրամը ծախսել է Երևան քաղաքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Մկրտչյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Գավառի դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի բնակիչ՝ 49-ամյա Միշա Մխիկյանի նկատմամբ։
Վերջինս կասկածվում էր Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հայրապետ Հերգնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու, դին այրելու և աղբանոցում թաքցնելու մեջ։ Այս տարվա մարտի 4-ին սպանվածի կինը դիմել էր Ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ ամուսինը վերջին անգամ իր հետ հեռախոսազրույց էր ունեցել ժամը 15։00-ի սահմաններում և հայտնել էր, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և քիչ հետո կհասնի տուն, սակայն այդպես էլ ամուսինը տուն չէր եկել, իսկ ավելի ուշ նրա ձեռքի հեռախոսահամարը դարձել էր անհասանելի։
Հաջորդ օրը փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Սամվել Ասատրյանի), Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ Արսեն Ադամյանի), Ոստիկանության Գավառի բաժնի (բաժնի պետ Արա Քոչարյանի) և մարզի քննչական վարչության ծառայողների հետ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել էին, որ սպանությունը կատարել էր Մ. Մխիկյանը, ով իր զոհին իր կողմից վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել էր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքին պատկանող «Ազատ» կոչվող տարածքի աղբավայր և այնտեղ այրել ու թաղել։
Ոստիկանները հսկայածավալ աշխատանքներ էին իրականացրել, այդ թվում՝ որոնողական, գրեթե 20 կմ շառավղով փնտրել էին սպանվածին և, իր վերջո, ճիշտ, օպերատիվ ու քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը բացահայտվել էր. հայտնաբերվել էր ճիվաղը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ հետո արդեն գտել էին զոհին։ Դատավոր Յուրա Իսկոյանը սկսել էր դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, և եթե դատարանը բավարարեր քննիչի միջնորդությունը, կասկածյալը տեղափոխվելու էր Նուբարաշենի բանտ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության շարժառիթը եղել էր 50 հազար դրամի պարտք ու պահանջը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: