Ներկա ժամանակահատվածում գոյություն ունեն վախերի տարբեր դասակարգումներ: Ըստ այդ դասակարգումների՝ նման հուզական կարգավիճակի բազմազանությունը կարելի է բաժանել բնական, սոցիալական և ներքին վախերի: Մարդկային վախերի հետագա վերլուծությունները հնարավորություն են տալիս գալ այն եզրահանգման, որ, այնուամենայնիվ, առավել հստակ դրանք պետք է դասակարգել հիմնական երեք խմբի՝ կենսաբանական, սոցիալական և էկզիստենցիալ: Առաջին խմբին վերագրվում են այնպիսի վախեր, որոնք անմիջականորեն կապ ունեն կյանքի անվտանգության կամ մարդու առողջության հետ: Երկրորդ խմբին են պատկանում սոցիալական կարգավիճակի փոփոխման վերաբերյալ մտավախություններն ու հստակ վախերը, իսկ երրորդ խումբն այն վախերն են, որոնք կապ ունեն մարդու ներքին էության հետ, և այն բնորոշ է բոլորին՝ անկախ նրանց խառնվածքային պատկանելությունից:
Ելնելով նման դասակարգումից, առավել մատչելի կարելի է այն ներկայացնել օրինակների տեսքով: Օրինակ. Ագրեսիվ շնից վախը վերաբերում է առաջին՝ կենսաբանական խմբին, ելույթներից վախը վերաբերում է սոցիալական խմբին, իսկ էկզիստենցիալ խմբին պատկանում է մահվան վախը: Այս ամենի հետ մեկտեղ, գոյություն ունեն նաև միջանկյալ վախեր, որոնք գտնվում են խմբերից երկուսի մեջտեղում: Այսինքն, դրանք կարող են առաջանալ կենսաբանական և սոցիալական դրդապատճառների միաժամանակ ակտիվացման դեպքում: Օրինակ, վախ հիվանդությունից. Մի կողմից՝ հիվանդությունն ունի կենսաբանական բնութագիր՝ ցավ, վնասվածք, տառապանք, մյուս կողմից՝ այն կրում է սոցիալական բնույթ՝ բնականոն գործունեության խանգարում, մեկուսացում խմբից, աշխատանքից ազատում, աղքատություն և այլն:
Էկզիստենցիալ վախերն առանձնահատուկ վախերի խմբեր են, որոնք կապված են ոչ թե անհատի հստակ ինչ-որ կյանքի իրավիճակի հետ, այլ հենց անհատի էության: Էկզիստենցիալ վախերը կարելի է բաժանել չորս հիմնական խմբի,
- Վախ տարածությունից
- Վախ ժամանակից
- Վախ կյանքի առեղծվածայնությունից
- Վախ սեփական էությունից:
Տարածության վախը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ վախ փակ կամ բաց տարածություններից և վախ մթությունից:
Ժամանակի վախը կարող է արտահայտվել, երբ կա անորոշություն ապագայի վերաբերյալ, ինչպես նաև՝ հանգեցնում է մահվան վախի:
Կյանքի առեղծվածի հանդեպ վախն արտահայտվում է անհասկանալիության և շրջապատի ահռելիության գիտակցման ժամանակ, որում մարդը ստիպված է ապրել: Ինչպես նաև՝ վախ է առաջանում առեղծվածային և հանելուկային երևույթների, կյանքն անիմաստ ապրելու դեպքում:
Սեփական էության հանդեպ վախը մի քանի դրսևորում ունի, դրանք արտահայտվում են հետևյալ կերպ՝ սեփական էության, ենթագիտակցական մտքերի անհասկանալիության, սեփական հնարավոր արարքների և ինքնակառավարման թուլացման հանդեպ վախեր:
Սկզբունքորեն կարելի է առանձնացնել էկզիստենցիալ վախերի հինգերորդ խումբը, որն իր մեջ ներառում է այնպիսի բովանդակություն, ինչպիսին է վախն անկանոնության և քաոսի հանդեպ, որը կարող է արտահայտվել կամ վերածվել կպչուն նպատակի՝ մեկընդմիշտ երևույթներին որոշակի կարգավորում հաղորդել (կա ներքին իրական վախ նորությունների և թափթփվածության հանդեպ), կամ ընդհակառակը, ցանկություն՝ քանդել կյանքի միանշանակությունը: Սակայն այս վախերը սերտորեն կարելի է կապել տարածության վախերի հետ, հետևաբար՝ այն առանձին խմբի չենք բաժանի:
Էկզիստենցիալ վախերին անդրադարձել է գերմանացի հոգեբան Ֆրից Րիմանը, նա համարում էր, որ մարդկանց մի խումբ իր ապագան այնպես է պլանավորում, կարծես կյանքի տևողությունն անսահման է, աշխարհը՝ կայուն, իսկ ապագան՝ կանխատեսելի, սակայն այն իրականում ցնորք է: Նմանատիպ վարքը հակվածություն է կարգուկանոնի և միապաղաղության: Նման անձինք ունենում են անհանգստություն՝ պայմանավորված վախով դեպի ռիսկային գործողությունները, նորը և անորոշությունը: Տվյալ վարքի ծայրահեղ արտահայտումը վերածվում է ագորաֆոբիայի՝ վախ բաց տարածություններից: Ագորաֆոբիայով տառապող մարդը վախենում է դուրս գալ փողոց, ճանապարհն անցնել կամ գտնվել մարդաշատ վայրում:
Մեկ այլ մարդկանց խումբ, որոնք վերը նշվածների հակապատկեր վարքային և հոգեբանական դրսևորումներն ունեն, վախ են ապրում՝ սահմանափակումներին բախվելով: Սեփական անձի ազատությունը նման մարդկանց համար կյանքի բարձրագյուն արժեք է: Այս մարդիկ հեշտորեն փոխում են աշխատանքի վայրը, զուգընկերոջը և շատ են սիրում ճանապարհորդել: Նման մարդիկ օժտված են ինքնուրույնությամբ և երևակայությամբ, միապաղաղ մթնոլորտը՝ լինի դա աշխատանքային, անձնական կամ սոցիալական, նրանց վանում և խուճապի է մատնում: Այս վարքային դրսևորման ծայրահեղ արտահայտումը վերածվում է կլաուստրոֆոբիայի՝ վախ փակ տարածություններից:
Որպես կանոն՝ նման վախերը՝ ունենալով էկզիստենցիալ բնույթ, ակտիվանում են, երբ կա հստակ անձնային ներքին անհարմարվողականություն, քանի որ այն հիմնականում պայմանավորված է մարդու էությամբ: Նման վախերը հեշտորեն կարելի է շտկել հոգեվերլուծության և մարդու մտքերի հետ աշխատանքի՝ կոգնիտիվ վարքաբանական թերապիայի միջոցով:
Կամիլա Խաչատրյան