Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Կողբ և Նոյեմբերյան համայնքներում հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու հարցը մարտի 20-ին Նոյեմբերյանում կդրվի հանրային քննարկման: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը` նշելով, որ համայնքի յուրաքանչյուր անդամ կարող է մասնակցություն ունենալ այդ հանդիպմանը: «Մարդիկ (հեղ. նկատի ունի ընկերությանը) հայտ են ներկայացրել, հանրային լսում են խնդրել, մենք էլ ապահովում ենք: Որևէ այլ պայմանավորվածություն չկա»,-ասաց քաղաքապետը:
Այս համայնքներում հանքահումքային ներուժի բացահայտման և ոլորտի զարգացման հեռանկարներով հետաքրքրված է «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն: «Ընկերությունն ինքն է հայտ ներկայացրել, որ հանրային քննարկումների դրվի հարցը: Մենք կայքում հայտարարությունը փակցրել ենք, որպեսզի մարդիկ իմանան, գան քննարկման»,-ասաց քաղաքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը:
Համացանցային change.org հարթակում ստորագրահավաք է սկսվել, որով ստորագրողները դեմ են արտահայտվում Նոյեմբերյանում հանքարդյունաբերական գործունեության ծավալմանը: «Մենք համայնքի ապագան տեսնում ենք էկոտուրիզմի զարգացման մեջ, իսկ հանքարդյունաբերությունն ու էկոտուրիզմը համատեղելի ուղղություններ չեն»,-ասված է ստորագրահավաքի տեքստում: Այս պահին ստորագրողների թիվը 700-ից ավելի է, նախնական թիրախը 1000 հոգի է:
Ինչ վերաբերում է բնակիչների, սոցիալական ցանցերում մեծ թափ ստացող մտահոգությանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարը նշեց, որ իրենց համայնքում առավել կարևորում են զբոսաշրջության զարգացումը, ոչ թե հանքարդյունաբերության: «Մեզ համար ավելի կարևոր է զբոսաշրջության զարգացումը, քան հանքարդյունաբերությունը, մանավանդ, որ այդ հետազոտությունների տարածքներում անտառներ կան, երևի թե ջրհավաք ավազանները ևս այդ տեղում են գտնվում: Ճիշտ է` դա միայն ուսումնասիրությունների փուլն է, բայց շարունակությանն այնքան էլ տեղյակ չեմ»,-ասաց Կարեն Աբազյանը:
«Կարո՞ղ ենք ենթադրել, որ հանրային քննարկումների արդյունքում որպես համայնքի ղեկավար դեմ եք արտահայտվելու ծրագրին» հարցին ի պատասխան` քաղաքապետն ասաց. «Շատ հնարավոր է՝ այո: Ժողովուրդն ինչպես ցանկանա, նրա կողքին եմ լինելու»: