Մարտի 14-ին 76 տարեկան հասակում վախճանվել է բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը: «Նա մեծ գիտնական էր և արտասովոր մարդ, որի գործը և ժառանգությունը կապրեն երկար տարիներ»,- ասել են գիտնականի երեխաները՝ Ռոբերտը, Թիմոթին և Լյուսին:
Սթիվեն Ուիլյամ Հոքինգը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել է շնչափողահատման, ինչի հետևանքով կորցրել է խոսելու ունակությունը և սկսել է օգտվել խոսքի սինթեզատորից:
Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն է և քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ է նվիրել սև անցքերի ուսումնասիրմանը: Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սև խոռոչները և երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կեղևի մեջ» գործերը և այլ գրքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: