Քեմբրիջի համալսարանի հայազգի շրջանավարտի համահեղինակած գյուտը կարող է հեղափոխություն մտցնել էներգիայով աշխատող սարքերի արտադրության բնագավառում: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Ամալյա Կոստանյանը Քեմբրիջի համալսարանի իր թիմակիցների հետ զբաղվում է նանոկառուցվածքների աճեցմամբ, դրանց հիման վրա՝ նոր սերնդի էկրանների նախագծմամբ, որոնք ամբողջությամբ ածխածնային հիմքով են: «Դրանք շահավետ են նրանով, որ կարող են նախագծվել նոր տեսակի նյութերով, որոնք ամբողջովին ստացվում են լաբորատոր պայմաններում և այն հատկություններով, որ մենք ենք ուզում: Մենք կարող ենք ստեղծել այնպիսի սարքեր, որոնք ամբողջովին մեր միջավայրը կփոխեն, հնարավորություն կտան մասսայական արտադրության մեջ սիլիցիումային հիմքով արտադրվող սարքերը փոխել նանոկառուցվածքների հիման վրա ստեղծվող սարքերով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Ամալյա Կոստանյանը:
Գյուտարարի խոսքով` Քեմբրիջի համալսարանի հետ արդեն պատենտը ստացել են, այս պահին մտածում են զանգվածային արտադրության մասին: Քանի որ նորարարության հիմքում հիմնականում օրգանական նյութերով արտադրության կազմակերպումն է, այն հնարավոր կլինի կիրառել ցանկացած ինդուստրիայում: «Պատկերացրեք հեռախոսները, պլանշետները լինեն թղթի հաստության և դրանց սնուցման համար համարյա էներգիա հարկավոր չլինի: Կարող են կիրառվել բժշկության մեջ, օրինակ, սարքեր կան, որոնք օրվա ընթացքում ստուգում են սրտի, մնացած օրգանների աշխատանքը: Դրանք կարող ես անընդհատ կրել մարմնիդ վրա, քանի որ ածխածնային հիմքով են, կյանքի հետ համատեղելի են»,-ավելացրեց երիտասարդ գիտնականը` հավելելով, որ արտադրանքը բավականին էժան կլինի, քանի որ դրանց ստեղծման համար համարյա նյութ չի օգտագործվում, իսկ աշխատացնելու համար` չափազանց քիչ էներգիա: «Կես ժամ էներգիա կուտակելով` հնարավոր կլինի այդ սարքը երեք տարի օգտագործել»:
Ամալյա Կոստանյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկում են, թե ինչ ռեսուրսներով կարելի է նման տեխնոլոգիայով աշխատող լաբորատորիա հիմնել Հայաստանում: