Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 52-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը ծեծելու մեղադրանքում: Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 դրամի չափով:
52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ հետ կենցաղային շարժառիթով` ավտոմեքենան վերջինիս կողմից անվարժ վարելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին և մարմնի տարբեր շրջաններին՝ նրա առողջությանը պատճառելով թերև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվել ցուցմունք տալուց` խնդրելով հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Նախաքննության ընթացքում նա ցուցմունք է տվել, որ բազմիցս կնոջն ասել է, որ ավտոմեքենան չվարի, քանի որ անվարժ է: Ավտոմեքենան վարելու հարցի շուրջ իր և կնոջ միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ կնոջն ասել է, որ մեքենան այլևս չվարի: Կինը չի ընդունել իր ասածը և շարունակել է հակաճառել: Այդ ժամանակ բռնել է կնոջ ուսերից և նստեցրել բազմոցին, որից հետո հեռացել է ճաշասենյակ: Մեկ այլ օր կրկին վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում մեկ անգամ ապտակել է նրան:
Ըստ դատական ակտի՝ տուժող կինը ցուցմունք է տվել, որ եղբայրն իրեն ավտոմեքենա է նվիրել: Դրանից հետո ամուսինն իր նկատմամբ ագրեսիվ է դարձել և ամեն պատրվակով վիճաբանել իր հետ: Դեպքի օրն ամուսինը հարցրել է, թե «մեքենայի յուղը խի՞ ես փոխել»: Պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը եղել է: Դրանից հետո ամուսինը մոտեցել է և երկու ձեռքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Ցանկացել է դուրս գալ տնից, սակայն չի կարողացել, քանի որ ամուսինն անընդհատ հարվածում էր: Քիչ հետո վերջինս դադարեցրել է իր գործողությունները: Լվացվելու ժամանակ նկատել է, որ շրթունքը, աջ աչքը և հոնքը վնասված են: