Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Չարբախ-Մասիս ավտոճանապարհի Նորաբաց գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira մակնիշի 35 QR 654 համարանիշի և թիվ 67 երթուղին սպասարկող Газель մակնիշի 4940 Տ համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ժամանել են նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները, քանի որ պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե Արարատի մարզի, այլ Երևանի վարչական տարածքում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով չթույլատրելի վայրում փորձել է շրջադարձ կատարել և վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: