ՀՀ ԿԳ նախարարության Գյումրու «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան»-ի դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին աշխատանքից ազատելուց հետո թեման չի դադարում լինել հանրության հետաքրքրության ներքո:
Մինչ այժմ որևէ մեկնաբանություն չի տվել բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, սակայն «Արմենպրես»-ի թղթակցի՝ պարզաբանում ստանալու խնդրանքին նա արձագանքեց. «Ես այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս: Մեկնաբանությունս գիտական խորհրդի որոշումներն են, արձանագրությունները ՝ 35 էջ. ամբողջը վավերացված և տեղադրված է բուհի կայքում»,- նշեց Սահակ Մինասյանը:
Ռեկտորի կողմից մատնանշված որոշման մեջ նշված է «Էթիկայի հանձնաժողովը գտնում է որ Խորիկյանի ու Համբարյանի վարքագիծը ստեղծված իրավիճակում իր բացասական հետևանքներով բուհի համար վնասակար է և խարխլում է բարոյահոգեբանական մթնոլորտը բուհում, արատավորում է հաստատության վարկանիշը, և ի վերջո տուժում են բուհի շահառուները: Հանձնաժողովը համակարծիք է գիտական այն որոշմանը, որի համաձայն Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի պահվածքն այլևս վստահություն չի ներշնչում և այլևս անհամատեղելի է դասախոսի աշխատանքի հետ:
Ելնելով վերը նշվածից հանձնաժողովը որոշեց՝ 1. հանձնաժողովի կողմից ուսումնասիրված նյութեր ողջամիտ հիմքեր են էթիկայի նորմերի խախտման փաստ արձանագրելու համար, 2. վերը նշված դասախոսները խախտել են ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից 30.01.2017 նիստում հաստատված «Էթիկայի սկզբունքներով» սահմանված «Ազնվության», «ճշմարտացիության», «Այլոց նկատմամբ հարգանքի» և «Վստահության» սկզբունքների որոշակի կետերը»,- նշված է որոշման մեջ՝ ստորագրված հանձնաժողովի նախագահի, քարտուղարի ու 3 անդամների կողմից: Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծելու համար հիմք հանդիսացել են ՇՊՀ գիտխորրդի, և էթիկայի հանձնաժողովի որոշումները՝ հիմք ընդունելով 5-6 ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները:
Խնդրին անդրադարձել է նաև բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ մեր սիրելի Շիրակի պետական համալսարանում իրադարձությունների նման զարգացման համար: Անկախ որեւէ հանգամանքից, դրդապատճառից ու բերվող հիմնավորումից, այն պատիվ չի բերում բուհական ու ակադեմիական միջավայրին ընդհանրապես: Առայժմ արձանագրենք, որ բուհից հեռացվել են նրա լավագույն մասնագետներից երկուսը: Տարիների համատեղ աշխատանքային փորձը, ուսանողական եւ մասնագիտական շրջանակներում նրանց ունեցած բարձր համարումը բավարար հիմք են նման գնահատականի համար:
Վստահ եմ, որ հեռացված դասախոսները, լինելով կրթական ու ակադեմիական աշխատաշուկայում պահանջարկված կադրեր, իրենց արժանի տեղը կգտնեն կյանքում՝ շարունակելով կրթել ու դաստիարակել մեր նոր սերունդը: Կասկած չունեմ, որ նրանք դա ապագայում կշարունակեն կատարել հենց Շիրակի պետական համալսարանում:
Համոզված եմ, որ բուհում տեղի ունեցած եւ տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակի իրական հաղթահարման վերաբերյալ ապագայում դեռ առիթ կլինի արտահայտելու առավել ամբողջական կարծիք»,- գրել է Անահիտ Ֆարմանյանը: Երկու դասախոսների աշխատանքային պայմանագրերը լուծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ 1-ին հոդվածի վեցերորդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ` աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում) և 122 հոդվածի 2-րդ կետի (Աշխատանքային պայմանագրի լուծումն աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով. գործատուի գույքի պահպանությունը դրել է վտանգի տակ) համաձայն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Գագիկ Համբարյանը նշեց, որ նմանատիպ հանգուցալուծում սպասում էին, բայց դա արվել է իրավունքների կոպիտ խախտումներով: «Պարոն Մինասյան անձի դեմ ուղղված մեր մեղադրանքները, չգիտես ինչու, վերագրվում են բուհին, եւ ռեկտորը, իր անձը նույնացնելով համալսարանի հետ, հայտարարում է, թե մենք վարկաբեկում ենք բուհը: Այնինչ, մենք ընդամենը բարձրաձայնել ենք ռեկտորի կամայականությունների մասին»,- նշեց Գագիկ Համբարյանը: Նա կարծում է, որ ռեկտորն իրենց ազատել է մարտի 24-ին համալսարանում ծրագրված խորհրդի նիստից առաջ:
«Այսինքն՝ ռեկտորը, գործից ազատելով, արեց այնպես, որ մենք չմասնակցենք խորհրդի նիստին և չբարձրաձայնենք խնդիրները և այն ամենն ինչ կատարվում է բուհում, զրպարտելով, բարդեն մեզ վրա»,- նշեց Գագիկ Համբարյանը հավելելով, որ բուհի այս որոշումը կբողոքարկվի իրավական հարթության վրա: «Եթե այս ապօրինի որոշումը չբեկանեն ու մեզ չվերականգնեն, մենք կմտնենք դատարան և ոչ միայն դատարան: Խաղաքարերը չեմ ուզում հիմա լրիվ բացել»,- նշեց Գագիկ Համբարյանը: