Մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի խճուղում Բադեն-Բադեն հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Mercedes մակնիշի 33 UV 511 համարանիշի և Infiniti մակնիշի 69 PP 666 համարանիշի մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների ինքնությունը:
Mercedes-ը վարել է 35-ամյա Գարիկ Սեփխանյանը, Infiniti-ն վարել է 34-ամյա Լենդրուշ Հակոբյանը: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սեփխանյանին, Infinti-ի վարորդ Լ. Հակոբյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Սեփխանյանը հայտնի է «Ֆուլ հաուս» սերիալից, որպես «Բարմեն Ռուբո»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: