Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Լևոն Մելքոնյանի և Մկրտիչ Բաբայանի գործով դատական քննությունը:
Երկու երիտասարդները մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ ծանրացուցիչ հանգամանքներում, նախնական համաձայնությամբ կատարված սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7,8 և 175 հոդվածի 2-րդ մասի 1,4 կետերով:
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի լույս 21-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 50-ի սահմաններում:
Ըստ մեղադրանքի՝ Լևոն Մելքոնյանը ուրիշի գույքը ավազակային հարձակմամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել ընկերոջ՝ զինծառայող, սպա, կոչումով՝ ավագ լեյտենանտ Մկրտիչ Բաբայանի հետ:
Հանցագործությունը կատարելու նպատակով նրանք նախապես ձեռք են բերել դիմակ, հակագազ, ծալովի դանակ, երկու զույգ բժշկական ձեռնոցներ ու ատրճանակի տեսքով կրակայրիչ:
Որոշված օրը՝ դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 4-ի սահմաններում նրանք գնացել են Երևան քաղաքի Մյասնիկյան 20/1 հասցեում գործող «Արաքս» բենզալցակայանի մոտ, ապա հարձակվել են բենզալցակայանի աշխատող Ավետիք Մարտիրոսյանի վրա:
Գումար են պահանջել, սակայն հանդիպել են Մարտիրոսյանի ակտիվ դիմադրությանը:
Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, ըստ առաջադրված մեղադրանքի, Մելքոնյանն ու Բաբայանը կատարել են շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն:
Համաձայն առաջադրված մեղադրանքին՝ ամբաստանյալները ատրճանակ-կրակայրիչի կոթով բազմաթիվ հարվածներ են հասցրել տուժողին: Իսկ Լևոն Մելքոնյանը, դրան զուգահեռ, նաև դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ տուժողին պատճառելով կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ ծանր վնասվածքներ:
Ամբողջությամբ՝ 1in.am