Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի հրապարակումը Facebook-ի իր էջում. «Ամեն օր երջանկության օր է, եթե այն իմաստավորված է և բովանդակությամբ լի: Քրիստոնյայի համար իրական երջանկությունն աստվածճանաչողությունն է, և Աստծո պարգևած կյանքի ամեն պահի համար Նրան գոհություն հայտնելը:
Հրա՞շք չէ, երբ առավոտյան կարող ես աչքերդ բացել և լույսի շողը տեսնել, շփվել ընտանիքիդ, հարազատներիդ և ընկերներիդ հետ, դժվարություններ հաղթահարել, ուրախանալ և ուրախացնել ուրիշներին, տառապել, չարչարվել, բայց այդ ամենից հաղթանակած դուրս գալ:
Երջանիկ լինելը մարտահրավեր է մարդու համար, որը պահանջում է համբերատարություն, պատասխանատվություն և սեր ամեն ինչում: Երջանի՛կ եղեք և երջանկացրե՛ք ձեզ շրջապատող մարդկանց, հաճա՛խ ժպտացեք, լավատե՛ս եղեք, հոգո՛վ եռացեք և Տիրո՛ջը ապավինեցեք»: