«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեղադրանքով 20 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Մխիթարյանը պահանջել է վերանայել իր վերաբերյալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2018թ. դատավճիռը:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ ընդամենը 2 օր առաջ է ստացել գործով դատական ակտը և առաջիկայում պատրաստվում է ինքը ևս վերաքննիչ բողոք ներկայացնել, և քանի որ օրենքը թույլ է տալիս, ամբաստանյալը ևս որոշել է առանձին վերաքննիչ բողոք ներկայացնել:
Մուշեղ Մխիթարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել և ցուցմունք է տվել, որ 2015թ. օգոստոսի 4-ին հանդիպել է Աննա Միսակյանին, վերջինս, իմանալով, որ ինքը այցելելու է Անի Մաջնունյանին, խնդրել է բախտագուշակություն կատարելու նպատակով իր հետ այցելել նրան, սակայն ինքն առաջարկել է փոխանցել էքստրասենսի հեռախոսահամարը:
Բայց, քանի որ Աննա Միսակյանն ի վիճակի չէր բախտագուշակության համար գումար վճարել Անիին, խնդրել է, որպես իր ծանոթ, գնալ, որպեսզի անվճար կատարվեր գուշակությունը: Ըստ Մուշեղ Մխիթարյանի ցուցմունքի՝ ինքը Մաջնունյանի հետ խոսել և տեղեկացրել է այդ մասին և վերջինս իր խնդրանքը չի մերժել:
Մխիթարյանը նաև հայտնել է, որ երբ Մաջնունյանի բնակարան է բարձրացրել, այնտեղ տեսել է գործով վկա Մարիամ Մաթևոսյանին, կարճ ժամանակ անց վերջինս հեռացել է էքստրասենսի բնակարանից, ապա վերջինս իրեն խնդրել է իրեն և Աննա Միսակյանին մենակ թողնել՝ գուշակություն անելու համար:
Սակայն Մխիթարյանը էքստրասենսի տունը չի լքել՝ ընդամենը ննջասենյակ է գնացել: Որոշ ժամանակ անց սենյակից դուրս է եկել, սակայն գուշակությունը ավարտված չի եղել, «Անի Մաջնունյանը պետք է «Նարեկ» կարդար, ինչից հետո նաև աղոթեր»:
Այս ամենից հետո էլ շարունակել են զրուցել, կիթառ նվագել և երգել: Որոշ ժամանակ անց դուրս են եկել Մաջնունյանի տանից և քայլել, ճանապարհին տաքսի են նստել և վարորդին խնդրել է դեպի Նոր Նորքի 9-րդ զանգված իրենց տանել, որտեղև գտնվում է իր բնակարանը:
Իսկ հաջորդ օրը ցանկացել է հանդիպել իր մտերիմներից Արամի հետ, ով իր ներակայացումներում նախկինում հանդես է եկել որպես դերասան և 2-րդ ռեժիսոր, նաև խմբագրել է իր պիեսներից որոշները: Հանդիպելու նպատակը եղել է պիեսի սյուժեն քննարկելը, դրա շուրջ խոսակցություն է եղել, որ եթե մարդ է սպանում, ապա ինչպես պետք է լինի, իսկ Աննան ասել է, օրինակ, սիրուհուն և նման խոսակցություններ:
Այդ հանդիպումներից որոշ ժամանակ անց Աննան իրենից ճշտել է ինչ-որ գերեզմանատան հասցե, որպեսզի անի այն, ինչ հանձնարարել է Անի Մաջնունյանը, պետք է այրեր հոր հագուստները և ճանապարհին «Ջերմուկի» տարայով բենզին են գնել: Այդ ամենը կատարելուց հետո էլ վերադարձել են ու Առաջին մաս և այդտեղ էլ բաժանվել են միմյանցից:
Այդտեղից ինքը գնացել է տուն և որոշ ժամանակ անց զանգահարել է Անի Զախարյանը և տեղեկացրել, որ Մաջնունյանը մահացել է, սակայն ինքն այդ լուրը հումորով է ընդունել, քանի որ դրանից մոտ մեկ ամիս առաջ իր մասին էին նման լուր հրապարակել:
Տեսնելով, որ Անիի սոցիալական կայքն ակտիվ չի եղել, հաղորդագրություն է ուղարկել նրան, որ առավոտյան պետք է արթնացներ իրեն և այդ ընթացքում արդեն համացանցում տեսել է լուրեր` Անի Մաջնունյանի սպանության վերաբերյալ:
Ամբողջությամբ՝ pastinfo.am