2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստում այսօր հրապարակվում են գնդի գրավման օրերին խմբի անդամների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները:
Դրանցից մի քանիսում խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը (ազատամարտիկ «Ապարանցի Պավլիկ») իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովրդին ասա՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն…վեդրո ճարեք: Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն»,- ասել է Պավլիկ Մանուկյանը՝ խոսափողի մյուս կողմում գտնվող տղամարդուն:
Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ Պավլիկ Մանուկյանը հրահանգել է. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերևա»:
Այսքանն ասելուց հետո Պավլիկ Մանուկյանը հայհոյանքներ է հնչեցրել: Իր խոսքերը լսելով՝ նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ինչ-որ բան բղավեց, բայց քանի որ նրա դիմաց խոսափող չկար, ասածը լսելի չեղավ:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում հանրահավաքների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություններով էր հանդես գալիս: