Քաղաքագետ Արթուր Ղազինյանի հրապարակումը.
«ԱՄՆ Անվտանգության և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (Centre for Strategic and International Studies, CSIS) կողմից 2018թ. ապրիլի 3-ին հրավիրվել է քննարկում` «Հայաստանի նոր մարտահրավերները. ինչպես պետք է արձագանքի Արևմուտքը» թեմայով: Իմ ունեցած տեղեկություններով, այս քննարկումը պատվիրել է ԱՄՆ Պետքարտուղարությունը, հետևաբար ունի ռազմավարական նշանակություն: Քննարկման արդյունքներով այս կենտրոնը կմշակի և ԱՄՆ Պետքարտուղարությանը կներկայացնի քաղաքանության փաստաթուղթ (Policy Paper), որի հիման վրա Թրամփի վարչակազմը կընդունի որոշումներ և առաջիկայում կգործարկի դրանք պրակտիկ քաղաքականության մեջ:
Փաստն ինքնին հետաքրքիր ու կարևոր է, քանի որ ԱՄՆ-ում վերջապես նախաձեռնում են Հայաստանի վերաբերյալ քաղաքականության մշակման գործընթաց: Սակայն այս քննարկումը իր մեջ պարունակում է լուրջ խնդիրներ և մարտահրավերներ Հայաստանի համար:
Խնդիրը կայանում է նրանում, որ քննարկմանը որպես բանախոս հրավիրված չէ Հայաստանի ոչ մի ներկայացուցիչ, ինչպես ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան, այնպես էլ հայկական Think-tank ներից, ինչը նշանակում է, որ Հայաստանի վերաբերյալ քննարկումը կանցնի առանց մեր մասնակցության և Հայի ու Հայաստանի ազգային ու պետական շահի ներկայացման:
Սա հերթական ապացույցն է այն իրողության, որ Հայաստանի և մեր տարածաշրջանի վերաբերյալ քաղաքականության մշակման փուլում Հայաստանը ուղղակի չի մասնակցում:
Ոլորտի գիտակները կհաստատեն, որ այս կառույցն ունի մեծ հեղինակություն և ազդեցություն ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակման ոլորտում և իր կողմից Հայաստանի հարցը քննարկելու փաստը վկայում է ԱՄՆ կողմից Հայաստանի նկատմամբ քաղաքականության հստակեցման մասին: Իսկ չմասնակցել այս գործընթացին, կնշանակի բաց թողնել Միացյալ նահանգների նման հզոր պետության կողմից Հայաստանի վերաբերյալ մշակվող քաղաքանության վրա ազդելու բացառիկ և լրջագույն հնարավորություն, իսկ հետագայում արդեն բախվել մեզ համար անցանկալի որոշումների իրագործումը կանխելու կամ փոխելու մի քանի անգամ դժվար խնդրի առջև»: