Ինքնակառավարման հմտություններ
Advertisement 1000 x 90

Ինքնակառավարման հմտություններ

Ժամանակակից մարդը, ով ապրում է ներկա քաոսային ռիթմի մեջ, զերծ չէ ամենօրյա սթրեսային իրավիճակներից, ինչն էլ իր հերթին՝ հանգեցնում է նյարդային համակարգի գրգռման և բացասական հույզերի պոռթկման։ Որպես կանոն՝ նյարդայնությունը և հուզական վերապրումները բնական արտահայտվող մեխանիզմներ են, սակայն դրանց արդյունքը կարող է ինչպես՝ վնասել շրջապատին, այնպես էլ՝ բացասական հույզեր վերապրող անձին։ Որպեսզի հույզերը կարողանանք կառավարել և դրանք վերապրել գիտակցական վերահսկողությամբ, անհրաժեշտ է.

  1. Բոլոր խնդիրներին չփորձել միանգամից լուծում տալ

Եթե առկա են բազմաթիվ և տարաբնույթ խնդիրներ, և մենք ցանկանում ենք դրանք լուծել միաժամանակ, ապա արդյունքում ոչինչ չի ստացվելու, ավելին, անձը նման ծանրաբեռնվածության հետևանքով ձեռք է բերում նյարդային խնդիրներ։Պետք է հիշել, որ ուղեղում միաժամանակ պահպանվող ակտուալ խնդիրների քանակը սահմանափակ է։ Անհրաժեշտ է հստակեցնել ամենակարևորները և դրանք լուծել հերթականությամբ, որպեսզի վերջում, ոչինչ չունենալու փոխարեն, ունենաք հստակ լուծված խնդիրներ։

  1. Ապրել «այսօր և հիմա» սկզբունքով

Պետք չէ տխրել և մտածել այն երևույթներից, որոնք տեղի են ունեցել անցյալում, քանի որ եղածը չես փոխի և, վերջիվերջո, բոլորն էլ այդ մտքի հետ համակերպվում են։ Ինչպես նաև ապագայի նպատակներ ունենալով՝ անընդհատ պետք չէ անհանգստանալ մի բանի համար, որը դեռ գոյություն չունի և ձեր ներկայից ժամանակ է խլում։ Փորձեք ապրել այն պահը, որում դուք ապրում եք։ Անցյալին և ապագային ուղղված անհանգստությունները չեզոքացնում են ներկան՝ առաջացնելով բացասական հույզեր և ապրումներ։

  1. Վերլուծել եղելությունն ու իրավիճակը

Մինչ իրավիճակին հուզական արձագանք տալը, անհրաժեշտ է սառը դատելով վերլուծել իրադարձությունը՝ հավաքագրելով բոլոր հիմնական և մանրուք թվացող փաստերը։ Նույնիսկ, եթե վստահ չեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում, միևնույն է, գրի առեք հնարավոր բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են անհանգստության պատճառ լինել։ Այդ հանգամանքներն առանձին վերլուծել՝ հասկանալով սեփական ներաշխարհի փոփոխությունները և հուզական ապրումները, սեփական վարքի օբյեկտիվությունը, և հետո արդեն՝ անցնել գործողությունների, եթե դրանք կլինեն։

  1. Ընդունել այն, ինչն անխուսափելի է

Հաճախ լինում են օբյեկտիվ իրավիճակներ կամ հանգամանքներ, որոնց վրա անհնար է ազդել կամ փոփոխության ենթարկել դրանք։ Անհրաժեշտ է ընդունել և հասկանալ, որ հուզմունքն ու հուզական պոռթկումն ուղղակիորեն անօգուտ են։ Նման իրավիճակները պետք է ընդունել՝ որպես օրինաչափություն, և դարձնել սկզբնակետ՝ նոր գործողությունների համար։

  1. Իրավիճակի դեկատաստրոֆիզացիա

Կոգնիտիվ-իմացական հոգեթերապիայի մեջ կա մի տեխնիկա, որը կոչվում է դեկատաստրոֆիզացիա։ Այն իրականում հզոր ունակություն ունի՝ ոչ ռեալ իրավիճակները, որոնք անհանգստություն են պատճառում, արժեզրկել։ Օրինակ, եթե ինչ-որ բան նյարդայնացնում կամ անհանգստացնում է, պետք է պատկերացնել եղելության ամենավատ աստիճանը, որ կարող էր լինել, և ընդունել այն։ Երբ պատկերացնում եք այն, ինչ կարող էր լինել, և վերադառնում նրան, ինչ ունեք, հասկանում եք, որ այն շատ փոքր խնդիր է։ Նման մտային մարզումների արդյունքում հուզական վերահսկումն ավելի հեշտ է ստացվում։

  1. Զբաղեցնել միտքն ինչոր աշխատանքով

Անհանգստացնող իրավիճակներից խուսափելու օգտակար մեթոդ է ինչ-որ աշխատանքով միտքն ու ֆիզիկականը ծանրաբեռնելը։ Օրինակ, սեփական պատասխանատվությունից դուրս աշխատանքները, որոնք պետք է կատարվեն, սակայն չեն ձեռնարկվում դիմացինի կողմից, կարող են անհագստության պատճառ հանդիսանալ։ Երբ նման իրավիճակում անձը զբաղվում է որևէ գործով, նա կարողանում է կենտրոնացումը տեղափոխել մեկ իրավիճակից մյուսին և թուլացնել հուզական լարվածությունը։

  1. Ուշադրություն չդարձնել շրջապատի կարծիքներին

Մարդկանց մեծամասնությունը կենտրոնացած է սեփական անձի և խնդիրների վրա։ Հնարավոր է, որ ձեր խնդիրը դառնա խոսակցությունների առարկա, բայց՝ ոչ ավելին։ Մի քանի քննարկումից հետո այն մոռացվելու է դիմացինի կողմից, քանի որ նա ունի իր կյանքի կերտման և ժամանակի սպառման ոլորտը։ Իսկ դուք մտածելով, թե ինչ կմտածեն ձեր մասին մարդիկ, այդպես էլ վատնում ենք թանկ ժամանակը և անվստահության ներքո չեք դիմում նախաձեռնությունների։

  1. Պարտադիր չէ համապատասխանել դիմացինի պահանջներին

Որպես կանոն՝ նյարդային ապրումներն առաջանում են, երբ մեր սպասելիքները՝ ուղղված դիմացինին՝ չեն իրականանում։ Մարդիկ իրականում շատ տարբեր են, և ընդհանրապես պարտադիր է, որ մեր պատկերացումները համապատասխանեն դիմացինի իրական մարդ տեսակին։ Դա իրականությունն է, և ինքնախաբեությունը հանգեցնում է բազմաթիվ հիասթափությունների։ Պետք է ընդունել դիմացինին այնպես, ինչպես նա կա, և ստեղծված ոչ հաճելի իրավիճակներին վերաբերվել՝ որպես բնականոն երևույթ։

  1. Հաշտվել և ընդունել սեփական թերությունները

Ոչ ոք իդեալական չէ, և պետք է փորձել համապատասխանել ինչ-որ չափորոշիչների։ Ըստ էության, հնարավոր է ինքնադիտման միջոցով սեփական տեսակի մեջ գտնել հարյուրավոր թերություններ, բայց արդյո՞ք այն ձեզ ավելի լավը կդարձնի։ Իրատեսական և առաջընթացային է, երբ մարդը փորձում է շտկել իր թերությունները, բայց ապակառուցողական է, երբ մարդն իրեն դատապարտում է սեփական թերությունների համար։ Սովորեք ապրել համերաշխ սեփական Ես-ի և տեսակի հետ։

Ինքնատիրապետումը գիտակցության մակարդակ է։ Ինքնատիրապետումը կրթվածության և ինքնաճանաչման գրավականն է։ Եղեք հետաքրքրասեր, ապրեք կյանքը լիարժեք, կոփվեք կյանքի թոհուբոհի մեջ և այդ ամենին դիմակայեք ճիշտ ինքնատիրապետման արվեստով։

ԿԱՄԻԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, հոգեբան