Վերլուծությունը՝ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանի
Ի՞նչ է աշխատանքի անվտանգությունը:
Աշխատանքի անվտանգությունը սահմանադրաիրավական ենթատեքստում և լայն ընկալմամբ` պետության պարտականությունն է` ստեղծել և զարգացնել այնպիսի օրենսդրություն, որն ուղղված է աշխատանքի ընթացքում աշխատողի կյանքը,առողջությունը, արժանապատվությունը պահպանելուն, ինչպես նաև պետության պարտականությունն է վերահսկել գործատուների կողմից նման օրենսդրության պահանջների պահպանումը: Հայաստանի Հանրապետության նման պարտականությունը բխում է ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն հռչակելուց և ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածից, որի համաձայն՝ յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք: Աշխատանքային իրավահարաբերությունները կանոնակարգող, այդ թվում նաև՝ անվտանգ աշխատանքի պայմաններն ապահովող օրենսդրության զարգացումը և նման դրույթների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը սոցիալական պետության պարտականություններից է:
Պահպանվում է արդյո՞ք աշխատանքի անվտանգությունը ՀՀ-ում:
Պետք է ամրագրել, որ ՀՀ-ում դեռևս անհրաժեշտ ուշադրությամբ աշխատանքի անվտանգության ապահովման խնդրի լուծմանն անդրադարձ չի կատարվում: Թեև առկա է աշխատանքի անվտանգության ապահովմանն ուղղված իրավական դաշտ, սակայն գործատուները չեն պահպանում այդ նորմերը, իսկ անհրաժեշտ հսկողություն պետության կողմից՝ չկա:
Գործատուները ոչ միայն չեն ստեղծում անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ, այլև չեն ծանոթացնում աշխատողին աշխատավայրում գործող անվտանգության կանոններին: Աշխատողին անվտանգության կաննոներին ծանոթացնելը կարող է կատարվել գործատուի կողմից՝ դրանք կազմակերպության ներքին կարգապահական կանոններում ընդգրկելով, սակայն, ներկայումս չի կատարվում նաև այս պարտականությունը:
Ի տարբերություն ՀՀ-ում առկա իրականության՝ աշխատանքի անվտանգության ապահովման խնդիրը միջազգային հարթակում աշխատանքային իրավահարաբերություններում առկա առաջնային խնդիրներից է:
Ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել աշխատանքի անվտանգությունը, ի՞նչով է այն կարևոր:
Աշխատանքի անվտանգության պայմանների ապահովման կարևորությունն ամենից առաջ թելադրված է նրանով, որ մարդը, նրա կյանքը, առողջությունը բարձրագույն արժեքներ են: Ո´չ աշխատավարձի չափը, ո´չ գործատուի կողմից մատուցվող ծառայությունների կամ արտադրանքի բարձր որակը, ո´չ գործատուի ֆինանսական ակնկալիքները և պարտավորությունները չեն կարող հիմք հանդիսանալ աշխատողի կյանքն ու առողջությունն ապահովելու պահանջը անտեսելու համար:
Ի՞նչ պատասխանատվություն է առկա գործատուի կողմից աշխատանքային անվտանգության նորմերը չպահպանելու համար, և ի՞նչպես աշխատողը կարող է վերականգնել իր խախտված իրավունքները:
Ինչպես արդեն նշվեց, ներկայումս ՀՀ-ում գործատուները գլխավորապես չեն ապահովում աշխատանքային գործունեության անվտանգ միջավայր, սակայն, հարկ է փաստել, որ առկա են մի շարք իրավական ակտեր, որոնց միջոցով աշխատողը կարող է պաշտպանել իր իրավունքները՝ միևնույն ժամանակ ՀՀ-ում աշխատանքի անվտանգության պահպանման մշակույթ ձևավորելով:
Այսպես, որոշակի կատեգորիայի համապատասխանող աշխատավայրերում գործատուի կողմից աշխատանքի անվտանգության պայմանները չապահովելու համար պատասխանատվություն է նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով և ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով:
Ամբողջությամբ՝ legalinfo.am