Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան,

Ձեզ դիմում եմ Արարատի մարզի Նոր կյանք գյուղի «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Քնարիկ Ամիրյանի և բոլոր աշխատակիցների անունից։ Տեղեկացնում ենք, որ ՔՊ կուսակցության անդամ, համայնքի նորընտիր ղեկավար Գարիկ Սարգսյանը, հայտարարելով, թե պատրաստվում է աշխատանքից ազատել մանկապարտեզի աշխատակիցներին, այդ ուղությամբ ձեռնարկում է որոշակի քայլեր, ինչը հակաօրինական է և համարվում է պաշտոնական դիրքի չարաշահում։

Ի լուր բոլորի՝ տեղեկացնում ենք, որ աշխատողներն ազատման դիմում չեն գրելու, սահմանված կարգով պայքարելու են իրենց իրավունքների համար, դիմելու են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, անհրաժեշտության դեպքում՝ դատարան և այլ կառույցներ։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ համայնքի ղեկավարը իր պաշտոնը պետք է ծառայեցնի համայնքի խնդիրները լուծելուն, իսկ «Հերիք է, ինչքան աշխատել եք, ես իմ թիմին եմ բերելու, կարողա՞ գիտեք, որ ամբողջ կյանքս գյուղապետ եմ լինելու, այլ պլաններ ունեմ» և նմանատիպ արտահայտություններ անելով՝ անվստահության մթնոլորտ ու լարվածություն է ստեղծում։ Մեզանից շատերը մեծ նպատակներ ու ծրագրեր ունեն, կարևորն արդյունքն է, միայն մեծ-մեծ խոսելով չէ, անհրաժեշտ են ազնիվ գաղափարներ ու լրջամիտ քայլեր, որոնք դեռևս նկատելի չեն։

Մանկապարտեզի աշխատակիցներից շատերն աշխատել են նախկին գյուղապետի պաշտոնավարումից առաջ, ուստի այս դեպքում ծանոթ-խնամիական կապերի մասին խոսք լինել չի կարող, պարզապես գյուղի հիմնադիրները եղել են պարսկահայեր, համատեղ ուժերով աշխատել են, օգնել միմյանց և կերտել գյուղի պատմությունը։ Մանկապարտեզի աշխատակիցների համար սա սովորական աշխատանք չէ. ասես մի ընտանիք լինեն, նրանց մեծ նվիրվածության, մարդկային հատկանիշների, օրինակելի վարքի մասին բազմիցս խոսվել ու հրապարակվել է նաև ԶԼՄ-ում։

Բոլորն էլ ունեն համապատասխան կրթություն, նրանց աշխատանքային գործունեության ընթացքում երբևէ բողոքներ ու խնդիրներ չեն եղել, հնչել են միայն դրական կարծիքներ ու շնորհակալական խոսքեր, ուստի սա այն մեծագույն պատճառ-հիմքն է, որի մասին բարձրաձայնում եմ, որ չգիտեն գյուղի հետ չառնչվող մարդիկ։
Գյուղապետի ներկայիս աշխատանքը տեսնելով՝ կարող ենք կանխատեսել, որ հնարավոր է գյուղում լինի թշնամական մթնլորտ, և Գարիկ Սարգսյանի դեմ պայքար սկսվի, ինչպես դպրոցի տնօրենի դեպքում եղավ։ Ըստ իս՝ նոր կյանք չեն սկսում միայն աղբահանություն անելով, խոստումներ շռայլելով, մարդկանց աշխատանքից զրկելով։ Եթե համայնքի բնակիչներն ընտրել են գյուղապետին, կարող են նաև նրա դեմ դուրս գալ։

Տեղեկացնում ենք նաև, որ եթե գյուղապետը փորձի մանկապարտեզում արհեստական խախտումներ գտնել, աշխատակիցներին անհիմն նկատողություններ հայտարարել, այսինքն՝ ցանկանա «գործ սարքել», որպեսզի աշխատանքից ազատելու հիմք ունենա, ապա դա ոչ միայն քրեորեն պատժելի արարք կհամարվի, նաև խնդիրն անձնական թշնամանքի հարթության դաշտ կտեղափոխվի, ինչը ցանկալի չէ…

Իմիջայլոց, այն մարդիկ, ովքեր մինչ այսօր չեն աշխատել, նույնիսկ կրթություն չունեն, անհամբեր սպասել են, որ գյուղապետը փոխվի և նոր դիմեն աշխատանքի հարցով (խոսքս վերաբերում է միայն չաշխատողներին), պարզապես կարող են այլ տեղ աշխատանք փնտրել։
Ի դեպ, օրերս նշվելու է գյուղի հիմնադրման 70 ամյակը, որին, ցավոք, չենք մասնակցելու։ Այն մարդիկ են տոնելու, որոնց ընտանիքները հիմնադրումից հետո են բնակություն հաստատել, ընդհանրապես կապ չեն ունեցել գյուղի կերտման պատմության հետ։ Ինչևէ, կարևորը գյուղում գիտեն՝ ով ով է։
Պարո՛ն Փաշինյան, այս ամենը պատմելով՝ ակնկալում ենք ձեր արձագանքը՝ հուսով, որ համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը ներողություն կխնդրի մանկապարտեզի տնօրենից ոչ պատշաճ պահվածքի համար և աշխատակիցներին հանգիստ կթողնի։
Հարգանքներով՝

Նոր կյանք գյուղի հիմնադիրներից՝ գյուղսովետի նախագահ Ծատուր Ամիրյանի թոռնուհի, «Նոր կյանքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ք. Ամիրյանի դուստր՝ Մարինե Ամիրյան