Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 25 ՍՏ 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Բատիկյան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, իսկ հետո՝ շինության պատին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մահացել են։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածներից մեկը երեխա է, ով տեղում է մահացել, իսկ մյուսը, ով երեխայի հայրն էր, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրաչ Դադայանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդը եղել է Վարդան Հախոյանը, իսկ մահացած ուղևորը նրա տղան էր՝ Հրաչ Հախոյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: