Բժիշկները հայտնաբերել են մարդու նախկինում անհայտ օրգան
Advertisement 1000 x 90

Բժիշկները հայտնաբերել են մարդու նախկինում անհայտ օրգան

Ամերիկացի գիտնականները մարդու նոր օրգան են հայտնաբերել՝ միկրոսկոպիկ խողովակների ցանց, որ լցված է հեղուկով և թափանցում է օրգանների միացնող հյուսվածքներ: Հայտնագործության մասին նրանք պատմել են Scientific Reports ամսագրում:

Խողովակների ցանցը պատահաբար է հայտնաբերվել էնդոսկոպիայի ժամանակ, երբ բժիշկները ներսից զննում էին հիվանդի աղեստամոքսային համակարգը: Զննելով լեղածորանը՝ նրանք հայտնաբերել են, որ այն շրջապատող հյուսվածքները խիտ ու միասեռ չեն, ինչպես կարծում էին նախկինում, այլ թափանցված են անհայտ խողովակների ցանցով: Հետազոտողները նախ որոշել են, որ իրենց առջև պարզապես մազանոթներ են, սակայն այդ դեպքում հեղուկով լցված մազանոթները մանրադիտակային հետազոտության ժամանակ պետք է տեսանելի լինեին, իսկ դրանց միջև հյուսվածքներն ավելի լուսավոր: Սակայն գիտնականների առջև միանգամայն հակառակ պատկեր էր:

Հետազոտելով մյուս օրգանների, այդ թվում՝ քթի, հյուսվածքները՝ հետազոտողները պարզել են, որ խողովակներն անցնում են նաև դրանց միջով: Գիտնականների կարծիքով՝ այս խողովակները, որոնց միջով հեղուկը շրջանառվում է, կարող են առնչվել օրգանիզմի բոլոր հյուսվածքներին և նոր օրգան լինել, որում պարունակվում է օրգանիզմի ամբողջ հեղուկի մինչև 1/5-րդը:

Այս միկրոսկոպիկ խողովակների մասին նախկինում հայտնի չէր, քանի որ հյուսվածքների հետազոտության ստանդարտ մեթոդները բերում էին հեղուկի արտահոսքի և խողովակները ձևավորող կոլագենային մանրաթելերի քայքայման, պարզաբանում են գիտնականները: Հետազոտողների կարծիքով՝ նոր օրգանը ամորտիզացնող գործառույթ ունի՝ օրգանները պաշտպանելով:

Նրանք նաև  ենթադրում են, որ խողովակները կարող են նպաստել քաղցկեղի տարածմանը՝ քաղցկեղային բջիջներին թույլ տալով թափանցել ավշային համակարգ և արագ տեղաշարժվել դեպի մյուս օրգաններ: Հետազոտողները պատրաստվում են պարզել՝ խողովակներում հեղուկի անալիզը կարո՞ղ է արդյոք օգտագործվել քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Դրանից բացի, նրանք կասկածում են, որ նոր օրգանը կարող է կապված լինել մեծ թվով բորբոքային հիվանդությունների հետ:

med.news.am