Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Nissan մակնիշի 75 DՍ 775 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով, ում հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հարզդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, մարզային քննչական վարչության պետի տեղակալ Հրաչ Ղազարյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի և ավագ քննիչ Վահե Կակոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3 մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Փրկարարները դիերը շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելուց հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Կոտայքի մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են՝ մահացածներն են՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներ, 58-ամյա Ալեքսան Բաղդեյանը, 47-ամյա Աննա Շաբոյանը և 59-ամյա Դավիթ Շաբոյանը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Ա. և Դ. Շաբոյանները ամուսիններ էին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: