Երևանում մի խումբ անձինք կեղծ դիպլոմներ, վարորդական վկայականներ, բանկերի կեղծ տեղեկանքներ են պատրաստել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երևանում մի խումբ անձինք կեղծ դիպլոմներ, վարորդական վկայականներ, բանկերի կեղծ տեղեկանքներ են պատրաստել

6 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 6-ի ինքնությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործ։ Կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, 2017-2018թթ. ժամանակահատվածում պատրաստել և տարբեր անձանց իրացրել են իրավունք վերապահող, ինչպես նաև պաշտոնական այլ կեղծ փաստաթղթեր:

Օրենքով սահմանված կարգով տարբեր անձանց բնակարաններում  իրականացվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ կնիքներ,  տարբեր կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ ամուսնական կարգավիճակի վերաբերյալ կեղծ վկայական, ուսումնական հաստատությունների կեղծ ատեստատներ, դիպլոմներ, վարորդական իրավունքի կեղծ վկայականներ, բանկերի և իրավապահ տարբեր մարմինների կեղծ տեղեկանքներ։

Մի խումբ անձանց կողմից իրավունք վերապահող և պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ 2018թ. մարտի 19-ին հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթ։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` վեց անձի մեղադրանքներ են առաջադրվել`ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով: