Գերմանիայի ռադիոտեղորոշման կայանը նկարահանել է չինական ընկնող «Տյանգուն-1» ուղեծրակայանի չվերահսկվող պտույտը, ստացված տեսանյութը Youtube-ի իր էջում հրապարակել է Ֆրանկֆուրտի Բարձրահաճախական ֆիզիկայի և ռադիոտեղորոշման տեխնիկայի ինստիտուտը:
«Պտույտի արագությունը մեծացել է վայրկյանում մինչև 2,2 աստիճան, ինչը կազմում է իր առանցքի շուրջը մեկ պտույտ 2 րոպե 43 վայրկյանում»,- ասված Է տեսագրությանը կից բերված գրառման մեջ: Նկարահանումը կատարվել է մարտի 27-ին: Դա կայանի առայժմ աշխարհում միակ հրապարակված ռադիոտեղորոշիչ պատկերն է դրա անկումից առաջ, նշված է գրառման մեջ:
Ըստ Եվրոպայի Տիեզերական գործակալության Տիեզերական աղբի վարչության՝ մարտի 28-ի կանխատեսումների՝ չինական կայանը դուրս կգա ուղեծրից և Երկրի մթնոլորտ կմտնի մարտի 31-ի առավոտվա և ապրիլի 1-ի կեսօրի միջև ընկած միջակայքում: Կայանի բեկորների անկման գոտու մեջ են մտնում Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների տարածքները, բացառությամբ Ղազախստանի, Չինաստանը, Ճապոնիան, ամբողջ Աֆրիկան, Ասիայի, Օվկիանայի երկրները, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Մեքսիկան, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: