Դատարանը 26-ամյա Սերգեյին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, այն է՝ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ՝ ավազակություն, և դատապարտել 6 տարի 6 ամսվա ազատազրկման:
Սերգեյը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է տուժող կնոջ հետ, մերսում կատարելու համար հանդիպել է վերջինիս կողմից վարձակալած բնակարանում և 15.000 ՀՀ դրամի դիմաց սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Հերթական անգամ զանգահարելով կնոջը՝ Սերգեյը մերսման պատրվակով պայմանավորվել է նրա հետ և կեսգիշերն անց գնացել հիշյալ բնակարան, որտեղ իր մոտ գտնվող` որպես զենք օգտագործվող կտրող-ծակող առարկայի գործադրմամբ, հյուրասենյակում դիտավորությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում է կատարել կնոջ նկատմամբ՝ կտրող-ծակող առարկան պահելով կնոջ պարանոցի շրջանում, պահանջել արժեքավոր իրեր և գումար, սակայն մերժում ստանալով, բնակարանից կնոջ փախուստը կանխելու նպատակով, վերջինիս հրելով գցել է հատակին և հափշտակել նրան պատկանող` 167.000 ՀՀ դրամ արժողությամբ 12.877 գրամ քաշով ոսկյա շղթան, սեղանին դրված 5000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը, 60.000 ՀՀ դրամ արժողությամբ «Մաշինես» տեսակի դյուրակիր համակարգիչը, դրա տակ դրված 300.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի` տուժողին պատճառելով ընդհանուր խոշոր չափերի` 532.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ամբաստանյալն՝ օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն պատասխանելով կողմերի և դատարանի հարցերին՝ վիճարկել է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ընդհանրացված կարգով` այդ ապացույցների հիման վրա մեղադրական եզրակացությունում մեղադրող կողմի ներկայացրած հետևությունները և նշել, որ իրեն մեղավոր է ճանաչում ոսկյա շղթան, դյուրակիր համակարգիչը, բջջային հեռախոսը և 20.000 ՀՀ դրամը հափշտակելու մասով, սակայն սուր ծակող–կտրող գործիքի սպառնալիքով ավազակային հարձակում գործելու, տուժողի մազերից քաշելու և 300.000 ՀՀ դրամ հափշտակելու մասով իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի կողմից բերված վերոհիշյալ պատճառաբանություններն անհիմն են, իսկ այլուրեքության վերաբերյալ առաջ քաշած վարկածները՝ մտացածին, և հետապնդում են ինչպես գույքային, այնպես էլ քրեական պատասխանատվությունից խուսափելու և դեպքի հանգամանքները խեղաթյուրելու նպատակ:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալի կողմից որպես զենք օգտագործվող սուր կտրող-ծակող առարկայի գործադրմամբ ավազակությունը` ուրշի գույքի խոշոր չափերով բացահայտ հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հաստատված և ապացուցված է: