Հյուսիսային Կարոլինայից 55-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել՝ իր կնոջն ու փոքրիկ դստերը դաժանորեն սպանելուց ու նրանց դիակների լուսանկարը Ցանցում հրապարակելուց երկու տարի անց: Էլհաջի Դիոպին դատապարտել են ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի, հաղորդում է People-ը:
Կրկնակի սպանության մասին ոստիկանությանը հայտնել էր Էլհաջիի զարմուհին այն բանից հետո, երբ սարսափելի լուսանկարները տեսել էր Facebook-ում: Դրանց ներքո տղամարդը գրել էր՝ «Նայեք, աստված ինչ է արել ինձ հետ: Հրաշալի ընտանիք: Ամեն ինչ կորավ»:
Հերձումը ցույց է տվել, որ 40-ամյա Ամինատան զոհվել է խեղդվելու հետևանքով: Քննության վարկածով, ամուսինների միջև վիճաբանություն է ծավալվել, որի հետևանքով նրանք ընկել են երկամյա դստեր վրա, ով շնչահեղձ է եղել նրանց տակ: Մինչև ողբերգությունն ընտանիքը լուրջ ֆինանսական խնդիրներ է ունեցել:
Այդ օրը Ամինատան դստեր հետ վերադարձել է խանութից, իսկ Էլհաջին այդ ժամանակ տանը փոխում էր հատակը: Սակայն ինչ-որ պատճառով ամուսինները սկսել են վիճաբանել, թվում է թե սովորական օրը վերածվել է սարսափների ֆիլմի: Մինչև ոստիկանության՝ հանցագործության վայր ժամանելը, ընտանիքի գլուխը փորձել է ինքնասպան լինել: Ամինատան ուներ երկու դուստր՝ 12 և 15 տարեկան, ովքեր այժմ ապրում են նրա քրոջ հետ: