85-ամյա փարիզուհի Միրեյ Կնոլը դաժանորեն սպանվել է երիտասարդ հարևանի ու նրա անտուն հանցակցի կողմից: Հանցագործները տարեց կնոջը հասցրել են դանակի 11 հարված, որից հետո այրել են բնակարանը, հաղորդում է Washington Post-ը:
Միրեյ Կնոլը ապրել է Ֆրանսիայում համարյա ամբողջ իր կյանքի ընթացքում: Միայն 9 տարեկան հասակում նա ստիպված է եղել փախչել երկրից՝ նացիստների հետապնդումներից փրկվելու համար: Բրազիլիայից ազգականի օգնության շնորհիվ աղջկա ընտանիքը Կանադա է տեղափոխվել ու խույս տվել սարսափելի ճակատագրից, որը բաժին է ընկել 13 հազար փարիզյան հրեաներին: Պատերազմից անմիջապես հետո Միրեյը վերադարձել է հայրենի Ֆրանսիա: Կինը չի լքել սիրելի երկիրը նույնիսկ այն ժամանակ, երբ նրա երեխաներն ու թոռները մեկնել են Իսրայել:
Չնայած Պարկինսոնի հիվանդությանը, 85-ամյա կինը ակտիվ կյանք էր վարում, հաճախում էր թատրոններ ու ռեստորաններ և հաճույքով շփվում էր երիտասարդության հետ: Մասնավորապես, նա ուրախությամբ իր տուն էր թողնում 29-ամյա հարևանին, ում ճանաչել է դեռևս նրա երեխա ժամանակվանից: Սպանության օրը տղամարդը նորից եկել էր կնոջը հյուր և այնտեղ անց էր կացրել համարյա ամբողջ օրը: Իսկ երեկոյան ընկերոջ հետ սպանել էր տարեց կնոջն ու հրկիզել նրա բնակարանը:
Ֆրանսիական ոստիկանությունն անմիջապես կասկածել է, որ Միրեյ Կնոլը սպանվել է հակասեմիտական կամ կրոնական շարժառիթներով: Շուտով ձերբակալվել էին ենթադրյալ մարդասպանները՝ տարեց կնոջ հարևանն ու նրա անտուն ընկերը: Երկուսն էլ նախկինում արդեն դատված են եղել ծանր հանցագործությունների՝ բռնաբարությունների ու կողոպուտների, համար: Ձերբակալվածներին կրոնական հողի վրա կատարված սպանության, ծանրացուցիչ հանգամանքներում կողոպուտի և ուրիշի գույքը ոչնչացնելու մեղադրանքներ են առաջադրվել: Այդուհանդերձ Միրեյ Կնոլի դաժան սպանությանը նրանց հազիվ թե օգուտ ստանալու ծարավն է դրդել՝ կինը աղքատ էր և նրա մոտից վերցնելու պարզապես ոչինչ չկար:
Մարտի 28-ին Փարիզում անց է կացվել հակասեմիտիզմի դեմ բողոքի քայլերթ: Այն կազմակերպվել էր Ֆրանսիայի հրեական համայնքների նախաձեռնությամբ: Քայլերթի մասնակիցները պահանջել են խստորեն պատժել Միրեյ Կնոլի մարդասպաններին, նրանք ցույց են տալիս, որ երկրում աճում են ազգային ու կրոնական պատճառներով կատարված հանցագործությունների թիվը: