Քրիստոսն իր հարությամբ հաղթանակեց մահվանը, իսկ կարմիրը հաղթանակի գույնն է. Տեր Կարապետ քահանա Կարապետյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Քրիստոսն իր հարությամբ հաղթանակեց մահվանը, իսկ կարմիրը հաղթանակի գույնն է. Տեր Կարապետ քահանա Կարապետյան. life.panorama.am

Այսօր՝ եկեղեցիական տոնացույցով 17:00-ին՝ կիրակամուտին,  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Սուրբ Զատիկի խորհրդի մասին Life.panorama.am-ը զրուցել է Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղցու Տեր Կարապետ քահանա Կարապետյանի հետ:

«Քրիստոսի հրաշափառ հարության տոնը շատ սիրելի և ընդունելի է մեր հայ ժողովրդի կողմից: Սուրբ Ծնունդն ու Սուրբ Հարությունը քրիստոնեական աշխարհում մեծագույն տոներից են: Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվում է ապրիլի 1-ին, իսկ դրան նախորդում է ավագ շաբաթը, որի մեջ խտացված է Քրիստոսի փրկագործական խորհուրդը, պատմությունը, չարչարանքը, խաչելությունը, մահը, այնուհետև հարությունը: Ավագ շաբաթ օրը՝ այսօր, Ճրագալույցի օրն է, երեկոյան 17:00-ին եկեղեցիներում սկսվում է Ճրագալույցի արարողությունը, և պատարագի ընթացքում ասվում է գլխավոր խոսքը՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, որին ի պատասխան հնչում է՝ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի և տրվում է հարության ավետիսը: Այդ պահից սկսած, բոլոր նրանք, ովքեր 48 օր հետևել են պահեցողությանը, դուրս են գալիս պահքից: Դրանից հետո ամեն մարդ իր տանը զատկական սեղանի շուրջ նշում է Քրիստոսի հրաշափառ հարությունը»,- պատմեց Տեր Կարապետը:

Նա նշեց, որ զատկական սեղանին պետք է լինի ձուկ, գինի, բրնձով և չամիչով փլավ, բանջարեղեն և ձու՝ պարտադիր կարմիր ներկված:

«Կարմիր ձուն խորհուրդ ունի, այն խորհրդանշում է Քրիստոսի թափված հրաշագործ, փրկարար արյունը, բացի այդ կարմիրը հաղթության շրջան է, իսկ հարությունն ինչ է, եթե ոչ հաղթություն. Քրիստոսն իր հարությամբ հաղթանակեց մահվանը, իսկ կարմիրը հաղթանակի գույնն է: Եկեղեցին չի մերժում, երբ ձվերրը գունավոր ենք ներկվում, սակայն դա ձու ներկելու իրական խորհդի հետ կապ չունի, դրանք ժողովրդի կողմից կատարվող իմպրովիզներ են և եկեղեցու հետ կապ չունեն»,- հավելեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Ապրիլի 1-ի առավոտյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի բուն զատկական Սուրբ Հարության պատարագ:

Ամբողջությամբ՝ life.panorama.am