Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 46-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել նախկին կնոջը ծեծելու համար առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով 50 հազար դրամ տուգանքի:
Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա Վանաձորում գտնվող իրենց տանը, նախկին կնոջը մեղադրելով իրենից ամուսնալուծվելու և իր կյանքը «խորտակելու» մեջ՝ կենցաղային հողի վրա, վիճաբանել է նախկին կնոջ հետ, որի ընթացքում քաշել է նրա մազերից՝ վայր գցել գետնին, ապա մետաղյա ափսեով դիտավորությամբ բազմաթիվ անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին՝ իր հիշյալ գործողություններով կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Ըստ դատական ակտի՝ մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: