Երևանում հանդիսավորությամբ բացվեց «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրը: Այն «Marriot International» ընկերությանը պատկանող The Luxury Collection աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի հյուրանոց է, որը կառուցվել է համաշխարհային չափանիշներին համապատասխան: Հյուրանոցի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ ՍերԺ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պետական, հասարակական, գործարար հատվածի ներկայացուցիչներ, հյուրեր:
Հյուրանոցի կառուցման մեկնարկը տրվել է 2014 թվականին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 53.9 մլն ԱՄՆ դոլար: «Ալեքսանդր» հյուրանոցը, որը կարող է միաժամանակ ընդունել մինչև 230 այցելու, Հայաստանում միակն է իր դասի մեջ, որ գործելու է ամենաբարձր գնային սեգմենտում` համարների արժեքը 191 հազար դրամից մինչև 1.8 մլն դրամի սահմաններում: Հյուրանոցային համալիրի ամբողջ գույքն ու սարքավորումները ներմուծվել են Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ավստրիայի, Չեխիայի և այլ եվրոպական երկրների հյուրանոցաշինության ոլորտում առաջատար ընկերություններից:
Գործարար, հյուրանոցի հիմնադիր, բարերար Սերգեյ Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար նշանակալի օր է: «Հայաստանն ու Երևանը արժանի են, որ ունենան լավագույն հյուրանոցները: Ինձ համար կարևոր իրադարձություն է Հայրենիքում ներդրում կատարելը: Մեր գումարներն ուրիշ որտեղ կարող ենք ներդնել, եթե ոչ Հայրենիքում: Հաճույք եմ ստանում Հայաստանում ներդրում կատարելով»,- ասաց Սերգեյ Համբարձումյանն` ընդգծելով, որ այստեղ հյուրանոցային լավագույն ծառայություններն առկա են: Հյուրանոցի անունը պատահական չէ ընտրված, այդ գործում իր ներդրումն ունի Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը:
«Մենք ընտանիքում սպասում էինք, որ կծնվի Ալեքսանդր, բայց ծնվեցին աղջիկներ: Երբ քննարկում էինք, թե ինչ անուն տանք հյուրանոցին, առաջարկվեց Ալեքսանդր անվանումը»,-ասաց Սերգեյ Համբարձումյանը: Ի դեպ, Ալեքսանդրը Սերգեյ Համբարձումյանի հոր անունն է:
Հյուրանոցում ստեղծվել է 144 աշխատատեղ, որն առաջիկայում նախատեսվում է հասցնել 170-ի` 280 հազար դրամ միջին աշխատավարձով: Այստեղ կգործի 5 կոնֆերանս դահլիճ, ֆիտնես կենտրոն, լողավազան, գեղեցկության սրահ: ՍՊԱ կենտրոնը կմատուցի յուրահատուկ ծառայություններ, կլինի բար, ռեստորան: Ֆրանսիացի շեֆ խոհարարի գլխավորությամբ հյուրերին կմատուցվեն ֆրանսիական խոհանոցի լավագույն նմուշները:
«Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի գործադիր տնօրեն Ժան Կադարսը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի տարվա շրջանակում բազմաթիվ հյուրեր են ակնկալվում, որոնց մի մասին կհետաքրքրի այս հյուրանոցը:
«Բարի գալուստ այս հյուրանոց: Հպարտ ենք, որ Հայաստանում բացում ենք The Luxury Collection աշխարհահռչակ հյուրանոցային ցանցում ընդգրկված հյուրանոցը: Այն նպաստելու է զբոսաշրջության զարգացմանը: Այս տարի Հայաստանում խոշոր միջոցառումներ են սպասվում, որի շրջանակում բազմաթի հյուրեր են սպասվում: Սպասարկման այն որակը, որ մենք այստեղ տրամադրում ենք, ինձ թվում է, յուրահատուկ է»,- ասաց նա:
The Luxury Collection աշխարհահռչակ հյուրանոցային ցանցը, լինելով ամենամեծ լյուքս դասի բրենդը, ներկայացված է աշխարհի 35 երկրում իր ավելի քան 100 բարձրակարգ և շքեղ հյուրանոցներով: