Համացանցում այսօր կարելի է մեծ թվով հոլովակներ դիտել, որոնցում դեռահասները քթանցքերից մեկի մեջ են ներշնչում պահպանակը և այն դուրս թքում: Նոր չելենջը ստացել է «պահպանակների ներշնչում» (Condom snorting challenge) անունը: Այս երևույթի վրա ուշադրություն է դարձրել ամերիկյան 12news հեռուստաալիքը:
Ֆլեշմոբի էությունը մեկ քթանցքով պահպանակը կտրուկ ներշնչելն է, որից հետո այն քթաըմպանից ցած է իջնում, երբ այն կարելի մատներով հանել բերանից: Հատուկ վարպետություն է համարվում այս գործընթացի կատարումը առանց ձեռքերի օգնության:
Առաջին անգամ նման բովանդակությամբ հոլովակը հայտնվել է 5 տարի առաջ, սակայն միայն հիմա է այս հնարքը դարձել վարակիչ հոլովակների սյուժե: Փորձագետները նշում են, որ յուրաքանչյուր նոր չելենջը, որ տարածվում է դեռահասների շրջանում, նախորդից ավելի վտանգավոր է, քանի որ դեռահասները շատ բանի են պատրաստ հանուն համացանցում հանրաճանաչության:
Johns Hopkins Bloomberg School of Public Health-ի պրոֆեսոր Բրյուս Լին պնդում է, թե միակ բանը, որ մարդիկ պետք է ներշնչեն՝ օդն է (և որոշ սփրեյ դեղեր, որոնք բժիշկն է նշանակում): Իսկ պահպանակներ «ներշնչելը» մահացու վտանգավոր է, քանի որ իրը կարող է խցանվել քթի մեջ կամ կոկորդում, և մարդը կարող է շնչահեղձ լինել:
Պրոֆեսոր Լին հիշեցրել է բժշկական գրականության մեջ նկարագրված 2 դեպքի մասին, որոնք վերաբերում էին պահպանակներին: Առաջին դեպքում 27-ամյա կինը օրալ սեքսի ժամանակ պատահաբար պահպանակը «ներշնչել» է: Այն կանգնել է նրա կոկորդին, որտեղից ընկել է թոքերի մեջ, ինչը ծանր թոքաբորբ է առաջացրել և աջ թոքի կոլապս: Այս դեպքի մասին նշված է Indian Journal of Chest Diseases and Allied Sciences ամսագրում:
Պատահել է ևս մեկ հետաքրքիր դեպք, որը նկարագրվել է Journal of Medical Case Reports ամսագրում. 26-ամյա կինը պահպանակը պատահաբար կուլ է տվել, որը մարսողական համակարգով անցնելով՝ ընկել է նրա կույր աղիքի մեջ և ծանր բորբոքում առաջացրել:
Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակներն օգտագործել միայն ըստ նշանակության և չիրականացնել ֆլեշմոբեր, որոնք կարող են կյանքին սպառնալ: