ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խոշոր չափերով շորթման դեպք են բացահայտել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն են բերման ենթարկել Սամվել Օզմանյանին:
Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում ապրող 37-ամյա Օզմանյանը կասկածվում է մի կնոջից խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։
Ընթերակաների ներկայությամբ բերման ենթարկվածի մեքենան խուզարկվել է: 2000 եվրո շորթած գումարն ամբողջությամբ հայտնաբերվել է։ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և փոխանցվել Վաղարշապատի քննչական բաժին։