Հայաստանում զինծառայողների համար արտոնյալ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու մասին նախագիծ է մշակվել. aysor.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում զինծառայողների համար արտոնյալ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու մասին նախագիծ է մշակվել. aysor.am

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մշակել և հանրության քննարկմանն է ներկայացրել «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության ծրագրի նախագիծը, որը բխում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախորդ տարի ընդունված օրենքից։

Սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոտեքային վարկավորման կարգը և պայմանները։ Ըստ այդմ, զինծառայողները կարող են թե անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև մարզերում երկրորդական շուկայից բնակարաններ կամ բնակելի տներ ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով օգտվել 20 տարի ժամկետով հիփոտեքային արտոնյալ վարկավորման ծրագրից առավելագույնը 9% տարեկան տոկոսադրույքով։

Վարկերը տրամադրվելու են ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90% -ի չափով, որը ենթադրում է կանխավճարի 10% մեծություն: Կանխավճարը պատրաստ է վճարել պետությունը։ Ընդ որում, երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարի 10%-ը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների միջին շուկայական արժեքի 10%-ը:

Համապատասխան տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների շուկայական միջինացված արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում ներկայացվում է համապատասխան մարմինների ղեկավարներին:
Ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած գումարի սահմաններում իրավունք ունեն մասնակցել հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան կանխավճարի ֆինանսավորմանը:

Ամբողջությամբ՝ aysor.am