Ես աշխատում էի, որ իրենց պատիժը ստանան, որ չշարունակվի իրենց օլիգարխությունը. «Ճվճվ» Արոյի որդու գործով տուժող
Advertisement 1000 x 90

Ես աշխատում էի, որ իրենց պատիժը ստանան, որ չշարունակվի իրենց օլիգարխությունը. «Ճվճվ» Արոյի որդու գործով տուժող

Դատարանում քննվում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանության գործը, ամբաստանյալներից մեկը հանրահայտ «Ճվճվ» Արոյի որդի Սերժ Վարդանյանն է:

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում տեղադրված համառոտ մեղադրական եզրակացության, Սերժ Վարդանյանը Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց տուժող Շանթ Մագարյանն, ինքն արդեն իսկ ցուցմունքներ տվել է դատարանում՝ մեկ շաբաթ առաջ: Նրան ասվել է, որ ներկայանա դատարան՝ փաստաթուղթ ստորագրելու, և տեղում նիստ է անցկացվել: Ի դեպ, այդ նիստի մասին գրառում «Դատալեքսում» առկա չէ:

Տուժողը հայտնել էր, որ ամբաստանյալների հետ միջադեպի ժամանակ վերջիններս տեսել են ոստիկաններին ու փախել:

«Ինձ էլ քաշելով տարան»,- ասաց տուժողը, ի պատասխան լրագրողների հարցերի՝ հավելելով, որ քաշ տալու հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել: Իսկ ցուցմունքներ տալու ժամանակ «ինձ էին մեղադրում, ասում էին դու ես կախվել ավտոյից, ծաղրում էին, ասում էին՝ տեռորիստ, դու գնա քո երկիր»:

«Իրենք այդքան ճիշտ մարդիկ չեն եղել իրենց կյանքում, առաջին դեպքը չէ, որ պատահեց ու վերջ: Ես աշխատում էի, որ իրենց պատիժը ստանան, որ չշարունակվի իրենց օլիգարխությունը ու դաժան ձևի բարքերը, որ ամեն օր տեսնում ենք Յութուբում»,- ասաց Շանթ Մագարյանը:

Այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են հանդես գալ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ, և իրենց ժամանակ է պետք դատական նիստերի ձայնագրառված արձանագրություններին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Ի դեպ, ըստ «Դատալեքս»-ի գրառման, գործի քննությունը սկսվել է 16-12-2014թ., այսինքն՝ ընթանում է երեք տարուց ավելի: