«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն և Սփյուռքից արդեն գործընկերներ ունի: Ժամանակավորապես պասիվացել էր քաղաքական կյանքում՝ մայր լինելու պատճառով:
Նա հավակնում է մշակույթի նախարարի պաշտոնին: Նրան չի գոհացնում այն փաստը, որ նախարարի պաշտոնը նշանակովի է, ցանկալի կլիներ, որ մրցակցային լիներ: «Արմեն Ամիրյանը գուցե լավ մարդ է, լավ է խոսում, բայց որպես մշակույթի նախարար ես իրեն չեմ տեսնում»,- «Նոյյան Տապանում» լրագրողների հետ հանդիպմանը նշեց տիկին Զախարյանը:
Լրագրողի հարցին՝ եթե լինի մշակույթի նախարար, կկարողանա՞ հայկականը պահպանել և ցույց տալ արտաքին աշխարհում, պատասխանեց, որ այո, եթե ունենա կառավարության և նախագահի աջակցությունը, քանի որ դա միայն նախարարի գործունեության շրջանակներում չէ:
Քաղաքական գործիչը Կառավարությունում հավանում է Վիգեն Սարգսյանի, Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի, Սուրեն Կարայանի աշխատանքը: Նշում է, որ Դավիթ Հարությունյանը կառավարությանը պիտանի կադր է, սակայն որպես արդարադատության նախարար իրեն չի արդարացնում: Մշակույթի և արդարադատության նախարարներից բացի դժգոհ է նաև առողջապահության նախարարի աշխատանքից: «Բարեփոխումների անվան տակ կոսմետիկ փոփոխություններ են արվում, որը առողջապահության հետ կապ չունի»,- ասում է նա:
Իր դատավարության առումով նշեց, որ մտադիր է հասնել մինչև Եվրոդատարան, և թույլ չի տալու, որ որևէ մեկը խաղա իր հեղինակության հետ:
Ասուլիսի ավարտին լրագրողներին հորդորեց. «Կուզեի, որ իմ մեջ ավելի լուրջ քաղաքական գործիչ կին տեսնեք, ավելի սուր հարցեր պատրաստեք, որ ես էլ ավելի պատրաստված գամ մամուլի ասուլիսներին»:
Անդրադառնալով հրապարակմանը, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Կարոտել էինք»: