Իջևանի Այգեհովիտ գյուղում 26-ամյա երիտասարդն անհայտ իրի պայթյունի պատճառով ստացել է մի շարք վնասվածքներ։ Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգը ստացվել է ապրիլի 6-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում՝ «Իջևան» բժշկական կենտրոնից։
«Մեզ մոտ տղան տեղափոխվել է ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա՝ նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներով։ Երիտասարդն Այգեհովիտ գյուղի բնակիչ 26-ամյա Հայկ Սիմոնյանն է»,- նշեցին հիվանդանոցից։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 1 օր առաջ իրենց տան այգում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ վարելու պահին ինչ-որ իր է գտել, իսկ ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում տանը փորձել է քանդել այն, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյունը։
Հայկ Սիմոնյանին ապրիլի 6-ին տեղափոխել են Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղից տեղեկացրին, որ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր։
«Նրան տեղափոխել էին Երևան, որպեսզի այստեղի միկրովիրաբույժները կարողանային Հայկի ձեռքի մատները հատուկ մշակել, սակայն դրանք վերականգնել այլևս հնարավոր չէ։ Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս վերակենդանացման բաժանմունքից նրան կտեղափոխեն միկրովիրաբուժական բաժանմունք»,- ասացին հիվանդանոցային համալիրից։
Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։