Հանդիպում ԱԻՆ-ում. նվազեցվում են սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը
Advertisement 1000 x 90

Հանդիպում ԱԻՆ-ում. նվազեցվում են սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ռիսկերը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 10-ին կայացավ  ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպումը, որին մասնակցում էին Հայաստանում սպորտային և էքստրեմալ զբոսաշրջությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների հիմնադիրներ և տնօրեններ («Savage of Sevan», «Յելլ Էքստրիմ պարկ», «Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա»,  «Sky-ակումբ», «Հայ լեռնագնացների միություն» ասոցիացիա): Այս մասին տեղեկացրին ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության անվտանգության և ռիսկերի նվազեցման գործընթացում ՀՀ ԱԻՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացնելու և համատեղ ծրագրեր մշակելու ՀՀ վարչապետի հանձնարարականի իրականացման ուղիները:

Անդրադառնալով սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության սիրահարների համար հնարավորինս անվտանգ պայմանների ստեղծման և դժբախտ պատահարի դեպքում արագ և գրագետ արձագանքում ապահովելու հնարավորություններին՝ կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին ունենալ միջոցառումների և երթուղիների ընդհանուր ճանապարհային քարտեզ, որը թույլ կտա ՀՀ ԱԻՆ «911» և «112» ծառայություններին արձագանքում ապահովելիս ավելի արագ որոշել տուժածների տեղակայման վայրը: Քննարկվեցին նաև ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների վերապատրաստման հարցերը, որպեսզի վերջիններս կարողանան առաջին օգնություն ցուցաբերել նախքան փրկարարների ժամանումը:

Կողմերն անդրադարձան նաև սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության ապահովագրման խնդիրներին. ԱԻ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ ապահովագրական դաշտի առկայությունը մեծապես կնպաստի բնագավառում ռիսկերի նվազեցման գործընթացին:

Հանդիպման ընթացքում երկու նախարարությունների և ոլորտի ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ծրագրեր մշակել սպորտային և էքստրեմալ զբոսաշրջության զարգացման ոլորտում առկա վտանգների ռիսկի նվազեցման վերաբերյալ: