Ողբերգական վթարի գործով վարորդը դատապարտվել է
Advertisement 1000 x 90

Ողբերգական վթարի գործով վարորդը դատապարտվել է

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 44-ամյա տղամարդը վթարի գործով մեղավոր է ճանաչվել՝  դատապարտվելով 1 տարվա ազատազրկման, զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 2 տարի ժամկետով:

Տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի պահանջները, Ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները, որի հետևանքով ավտոմեքենան ճանապարհի շրջադարձին ենթարկվելով կողասահքի՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի մաս և ընդհարվել հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի առջևի մասին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացրել է ուղևորի մահը, մյուս ուղևորի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ուղևորներից մյուսի առողջությանը պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ: Մյուս ավտոմեքենայի ուղևորներից մեկի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, մյուսի առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Մարմնական վնասվածքներ են ստացել նաև մյուս ավտոմեքենայի երկու ուղևորները:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին: