«Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում նախնական վարկածով գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառի պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ ջերմության աղբյուրին մոտ՝ սառնարանի հովացման սարքի մոտ, հորիզոնական դիրքով գլանատակառի տեղադրումը:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հատնել մասնագետը՝ նշելով, որ նման պայմաններում տեղի է ունենում հեղուկ գազի գոլորշիացում և գլանատակառում բարձր ճնշման կուտակում, ինչն էլ հանգեցնում է պայթյունի:
Մեզ հայտնի դարձած տեղեկություններով՝ նշված սննդի կետում դեպքի օրը ածխաթթու գազով լիցքավորված գլանատակառ տեղադրող-մեխանիկն այն տեղադրելուց հետո, կարգավորել է ճնշումն ու փորձարկել գարեջրի լցման սարքը, սակայն՝ այդ ժամանակ թերություններ չի հայտնաբերել:
Մասնագետի խոսքով՝ այդ գլանատակառը նախ պետք է տեղադրել ուղղահայաց դիրքով, քանի որ հորիզոնական դիրքով տեղադրելու դեպքում գոլորշիացման մակերեսը մեծանում է և գլանատակառում մեծանում գազի քանակությունը և ճնշումը: Բացի այդ, գլանատակառը պետք է տեղադրվի ջերմային աղբյուրից մի քանի մետր հեռավորության վրա, քանի որ ջերմությունը նպաստում է հեղուկ գազի արագ գոլորշիացմանը և գլանատակառում ճնշման ավելացմանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հայտնել էր, որ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն տրամադրելիս նախատեսված չէ կատարել շինության տեղազննություն, այլ հիմք է հանդիսանում բացառապես վճարման անդորրագիրը և ներկայացված համապատասխան հայտը:
Ստացվում է, որ տնտեսվարողի կողմից վճարումը կատարելուց հետո ձեռք է բերվում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվությունը, սակայն որևէ մեկը չի այցելում, որպեսզի զննություն կատարի՝ արդյոք սահմանված նորմերին համապատասխանու՞մ է տեղադրված գլանատակառը և պահպանվե՞լ են անվտանգության կանոնները, թե՝ ոչ, այն դեպքում, երբ հստակ ցուցումներ կան տեղադրման համար:
Ինչպես տեսնում ենք, Կենտրոն համայնքի ղեկավարը պնդում է, թե նման պահանջներ չկան, սակայն մասնագետներն այլ բան են պնդում, որ հստակ ցուցումներ կան՝ գլանատակառը ճիշտ վայրում տեղադրելու առումով:
Նշենք, որ խոսքը չի գնում միայն շշալցված ալկոհոլային խմիչքների վաճառքի, այլ, օրինակ, լցնովի գարեջրի կամ գազավորված ոչ ալկոհոլային խմիչքների մասին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, նախնական վարկածով՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը ինչի հետևանքով՝ 8 անձ է տուժել այդ թվում նաև՝ անչափահասներ:
Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
Նախնական վարկածի համաձայն՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, որի պատճառները պարզելու համար նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն։