NASA-ի տեխնիկները ձեռնամուխ են եղել Mars 2020 նոր մարսագնացի հավաքմանը
Advertisement 1000 x 90

NASA-ի տեխնիկները ձեռնամուխ են եղել Mars 2020 նոր մարսագնացի հավաքմանը

NASA-ի տեխնիկները ձեռնամուխ են եղել Mars 2020 Rover նոր մարսագնացի հավաքմանը: Այդ մասին ապրիլի 10-ին հայտնել է Space.com ինտերնետ-հրատարակությունը՝ նշելով, որ աշխատանքներն ընթանում են NASA-ի Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ) գտնվող Ռեակտիվ շարժման լաբորատորիայում (ՌՇԼ):

Ենթադրվում է, որ ամբողջ ընթացակարգը կտևի մոտավորապես մեկուկես տարի: Կանավերալի հրվանդանի (Ֆլորիդայի նահանգ) տիեզերակայանից ապարատի արձակումը նշանակված է 2020 թվականի հուլիսին: Դրա համար պլանավորվում է օգտագործել Atlas V կրիչ-հրթիռը:

«Մարսագնացի համար դետալներն ու սարքավորումներն ստացվում են ոչ միայն ԱՄՆ-ի տարբեր քաղաքներից, այլև ամբողջ աշխարհից»,-նշել է ՌՇԼ-ում մոլորակագնացի հավաքման և փորձարկումների գծով աշխատանքների ղեկավար Դևիդ Գրյուելը: Մասնավորապես, սարքերից մի քանիսը պատրաստված են Ֆրանսիայում, Նորվեգիայում և Իսպանիայում: Գլխավոր խնդիրներից մեկը, որը դրվելու է Mars 2020-ի առջև, Կարմիր մոլորակի վրա կյանքի նշանների որոնումն է:

NASA-ից հետազոտողների խոսքով՝ «ապարատն ուսումնասիրելու է Մարսի երկրաբանական կառուցվածքը, մթնոլորտի բաղադրությունը, գնահատելու է բնական ռեսուրսները և այն սպառնալիքները, որոնց կարող են մարդիկ բախվել այդ մոլորակի վրա գալիք գիտարշավների ժամանակ»: Օրինակ, մարսագնացի վրա կտեղադրվի սարք, որը նախատեսված է Մարսի մթնոլորտից թթվածին ստանալու համար, որը բաղկացած է առավելապես ածխաթթու գազից: Ապարատը նաև բնահողի և քարերի նմուշներ կհավաքի կոնտեյներների մեջ, որոնք հետագայում մոլորակի յուրացման ընթացքում կուղարկվեն Երկիր:

Ոչ մեծ ավտոմեքենայի չափ ունեցող վեցանիվ գիտական լաբորատորիան ունի հետևյալ գաբարիտները. երկարությունը մոտավորապես 3 մետր է՝ առանց մեխանիկական մանիպուլյատոր- ձեռքի հաշվառման, լայնությունը՝ 2,7 մետր, բարձրությունը՝ 2,2 մետր: Ապարատի զանգվածը կազմում է 1050 կիլոգրամ: Mars 2020-ը մշակելիս որոշվել է բազմաթիվ հանգույցներ ու դետալներ փոխ առնել նրա նախորդից՝ Curiosity-ից, որը մոլորակ է հասցվել 2012 թվականի օգոստոսին և դեռևս շարունակում է կատարել իր առաքելությունը: Թե կոնկրետ որտեղ փափուկ վայրէջք կկատարի Mars 2020-ը, դեռևս որոշված չէ:

Մասնավորապես, նշվում են Ջեզերո խառնարանը, Գուսևի խառնարանը և Մեծ Սիրթ ցածր վահանավոր հրաբխի հյուսիսարևելյան հատվածը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: