Ապրիլի 9-ին հակառակորդի կրակոցից զոհված 19-ամյա ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանը Կոտայքի մարզի Զովունի գյուղից էր, 1 տարի 3 ամսվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Զովունիի համայնքապետ Վրույր Սիմոնյանը՝ նշելով, որ Նարեկը սոցիալապես անապահով ընտանիքից էր:
«Խեղճ, անապահով ընտանիքից էր Նարեկը: Շատ լավ, շատ համեստ, խելոք երեխա էր, իրենից փոքր դպրոցահասակ մի եղբայր ունի: Հայրը բանվոր է, շինարարությամբ է զբաղվում, մայրն էլ հացթուխ է աշխատում»,- ասաց համայնքապետը՝ նշելով, որ համայնքապետարանը 500 հազար դրամական օգնություն է ցուցաբերել ընտանիքին:
Նշենք, որ Նարեկ Հարությունյանին այսօր են հուղարկավորել:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Նարեկ Գեւորգի Հարությունյանը:
Զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։